Ջերմոցային գազերի արտանետումները ծայրահեղ եղանակային երեւույթներն «ավելի հաճախակի եւ ավելի լուրջ» են դարձնում: Այս մասին հայտարարել է  UNC Gillings Գլոբալ հանրային առողջապահության դպրոցի պրոֆեսոր Ջեյսոն Ուեսթը, ով հետազոտություն է անցկացրել օդի աղտոտվածության եւ կլիմայի փոփոխության վերաբերյալ, գրում է Charlotte Observer-ը։

Ուեսթի խոսքով՝ հանածո վառելիքի այրման արդյունքում ձեւավորվող ջերմոցային գազերը կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժն են, եւ դրանք կարող են տասնամյակներ կամ դարեր շարունակ մնալ մթնոլորտում՝ կլիմայի փոփոխությունը երկարաժամկետ խնդիր դարձնելով:

«Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, ընթացիկ արտանետումների, ինչպես նաեւ հարյուր տարի առաջվա արտանետումների կուտակային ազդեցությունն է,- նշել է Ուեսթը: «Մենք շատ բան կարող ենք անել կլիմայի փոփոխությունը դանդաղեցնելու համար, բայց մենք չենք կարողանա շատ արագ շրջել նավը՝ մթնոլորտում ածխաթթու գազի երկարատեւ գոյության պատճառով»:

«Մենք պետք է խրախուսենք գործողությունները, որոնք կընդգրկեն ամբողջ տնտեսությանը, այլ ոչ՝ թե մարդկանց փոքր տոկոսը, ովքեր հոգ են տանում այս խնդրի մասին,- ասել է Ուեսթը:- Կարծում եմ՝ հենց կոլեկտիվ գործողությունները՝ կառավարական կարգավորման եւ մաքուր էներգիայի ստանդարտների միջոցով, ի վերջո, արդյունավետ կլինեն ընդհանուր արտանետումների  նվազեցման համար»:

«Ցանկացած գործողություն, որը մենք ձեռնարկում ենք արտանետումների կրճատման համար, օգուտ կբերի այսօր եւ հաջորդ դարում, ինչպես նաեւ կկրճատի կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած վնասը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխությունը կարող է նոր երաշտների հանգեցնել, ինչը կնվազեցնի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ մաքուր ջրի մատակարարումը: Նա նշել է, որ Կալիֆոռնիայի պես նահանգներն արդեն երկար ժամանակ առանց տեղումների են ապրում: Դա հանգեցրեց նրան, որ պետական ​​պաշտոնյաները ջրի սահմանափակումներ ներդրեցին բնակիչների եւ ձեռնարկությունների համար:

Ուեսթի խոսքով՝ չափից շատ արտանետումները կարող են բացասաբար ազդել նաեւ գյուղատնտեսության վրա:

Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տվյալներով՝ մթնոլորտում ածխաթթու գազի ավելի բարձր մակարդակը կապված է բույսերում սպիտակուցի եւ ազոտի պարունակության նվազման հետ, ինչը կարող է խանգարել դրանց աճին: EPA-ի փոխանցմամբ՝ ջրհեղեղներն ու երաշտը նաեւ նվազեցրել են գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը:

«Կլիմայի փոփոխությունն ազդում է մարդու առողջության, բնական էկոհամակարգերի եւ նույնիսկ այնպիսի բաների վրա, ինչպիսին է ազգային անվտանգությունը,- ասել է Ուեսթը:- Մենք տեսնում ենք, որ դա ազդում է մեր կյանքի եւ մեզ շրջապատող աշխարհի բազմաթիվ ասպեկտների վրա, ինչպես նաեւ՝ մեր տնտեսության, մեր ապրուստի եւ մեր առողջության վրա»:

Թեեւ այս տարի ամբողջ աշխարհում ջերմաստիճանը ռեկորդային բարձր մակարդակի է հասել, Ուեսթը նշել է, որ դա կարող է այս դարի ամենացուրտ ամառներից մեկը լինել, եթե կլիմայի փոփոխության հետեւանքները շարունակեն վատթարանալ: