1800 թվականին աշխարհի բնակչության միայն 10 տոկոսն էր ապրում քաղաքներում, սակայն 2009 թվականից ի վեր Երկրի քաղաքային բնակչությունը գերազանցել է գյուղական բնակչությանը, գրում է Live Science-ը։
Քաղաքի մեծությունը գնահատելու երկու հիմնական եղանակ կա՝ չափել նրա աշխարհագրական տարածքը կամ հիմք ընդունել բնակչության թիվը: Այս երկու միջոցները կարող են հանգեցնել նրան, որ քաղաքը հռչակվի ամենամեծը, բայց կարելի՞ է այս տարբերակներից մեկը համարել առավել խելամիտ։
Ըստ WorldAtlas-ի եւ World Population Review-ի՝ Նյու Յորքը աշխարհի ամենախոշոր քաղաքն է ըստ տարածքի: Միեւնույն ժամանակ, այս երկու աղբյուրները տարբեր կերպ են մեկնաբանում քաղաքի չափերը։ Ըստ WorldAtlas-ի՝ Նյու Յորքն ունի 8683 քառ. կմ տարածք, մինչդեռ World Population Review-ի տվյալներով քաղաքը զբաղեցնում է 12,093 քառ. կմ։
Ինչ վերաբերում է բնակիչների թվին, ապա ոչ մի քաղաք չի կարող հավասարվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյին։ Ըստ World Population Review-ի՝ Տոկիոն ունի 37 274 000 բնակչություն, ինչը 5 միլիոնով ավելի է երկրորդ տեղը զբաղեցնող Դելիից, որն ունի մոտ 32 065 760 բնակչություն:
Աշխարհում աճում է մեգապոլիսների թիվը, այդպես են անվանում 10 մլն-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքները:





























