Այսօր` օգոստոսի 17-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ են այցելել 50-ից ավելի կրպակատերեր՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: Նրանք հանդիպում են խնդրել պաշտպան Կարեն Անդրեասյանից եւ ներկայացրել են իրենց բողոքը կրպակների ապամոնտաժման գործընթացի դեմ եւ դժգոհությունը Երեւանի քաղաքապետարանի որոշումներից:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանը կրպակատերերին ներկայացրել է իրենց իրավունքների պաշտպանության ուղիները եւ բացատրել է իր լիազորությունները, ինչպես նաեւ ներկաներին առաջարկել է պաշտպանին դիմել անհատական դիմումներով՝ յուրաքանչյուր գործ առանձին քննարկելու եւ որոշումներ կայացնելու նպատակով: Նա ընդգծել է, որ պաշտպանը կարող է աջակցել դիմումատուներին իրավական լուծումներով: Իսկ, երբ խնդիրը դուրս է իրավական դաշտից, ապա քաղաքական պայքարին պաշտպանը մասնակցել չի կարող, սակայն կարող է միջամտել, որպեսզի հարգվի եւ պաշտպանվի յուրաքանչյուրի՝ օրինական ճանապարհներով իր կենսական շահերի համար պայքարելու իրավունքը:
Ի պատասխան կրպակատերերի խնդրանքին՝ դիմել Սահմանադրական դատարան քաղաքապետարանի որոշումների Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով, պաշտպանն ասել է, որ այդ առաջարկը եւս մանրամասն քննարկման կարիք ունի եւ բացատրել է յուրաքանչյուր գործողության ընթացակարգերն ու ժամկետները, նաեւ խոստացավ, որ այսօրվանից գրասենյակը կուսումնասիրի Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունները եւ հնարավոր բոլոր հիմքերը:
Պաշտպանը հաստատել է օգոստոսի 16-ի կրպակների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ իր անդրադարձի սկզբունքները ու շեշտել, թե առաջիկայում եւս հետեւողական կլինի կրպակատերերի գույքային իրավունքի ոտնահարման դեպքերը, իր լիազորությունների շրջանակներում, բացահայտելու եւ խախտված իրավունքը վերականգնելու առումով:




























