Հարավային Կովկասի աշխարհառազմավարական նշանակությունը տարածաշրջանի երկրների ինքնիշխան հնարավորություններից ավելի բարձր է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը։
Փորձագետի կարծիքով՝ դեռ վաղ է խոսել նրանց ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու մասին։ Թե ինչ դերակատարություն կունենան այս կամ այն երկրի քաղաքական գործիչները, ինչ ազդեցություն կարող են նրանք ունենալ ընթացիկ գործընթացների վրա՝ բաց հարց է։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի աշխարհառազմավարական դերին, ապա այն երբեք չի փոխվել, հատկապես հիմա, երբ աշխարհը, նրա խոսքով, վերադառնում է աշխարհաքաղաքականության դասական տեսությանը։
Ներկա պայմաններում Հարավային Կովկասի աշխարհառազմավարական նշանակությունը բավականին բարձր կլինի։
«Այստեղ պայքար կմղվի այս կամ այն ուժերի միջեւ, թեեւ Արեւմուտքն այս առումով շատ մեծ ռեսուրսներ չունի։ Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դիրքերից կարող է հանդես գալ միայն Թուրքիան, բայց Թուրքիան ինքն էլ բավականին բարդ իրավիճակում է՝ փորձում է պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի դեմ եւ ռուս-թուրքական հարաբերությունները պահել հավասարակշռված վիճակում, թեկուզ միայն տնտեսական անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշեց Գեւորգյանը։
Ապագա լոգիստիկ շղթաների ստեղծման հեռանկարները, նրա գնահատմամբ, ուղղված կլինեն ոչ այնքան դեպի Եվրոպա, որքան դեպի Արաբական թերակղզի, Աֆրիկա եւ այլն։ Ամենայն հավանականությամբ, այդ հաղորդակցությունները որոշակի միջնաժամկետ հեռանկարում կծառայեն Հնդկաստանին, Իրանին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Սաուդյան Արաբիային եւ Հյուսիսային Աֆրիկային։ Չինաստանն էլ անմասն չի մնա։
Իրանագետն ընդգծեց, որ երկու հզոր երկրներ՝ ի դեմս Ռուսաստանի եւ Իրանի, երաշխավոր կդառնան այս խիտ բնակեցված շուկայում, որտեղ հնարավոր է տնտեսական աճ։
«Այս ամենը կարելի է կազմակերպել նաեւ առկա էներգետիկ հզորությունների շնորհիվ։ Կարծում եմ, որ Ռուսաստան-Իրան-Արաբական թերակղզու երկրներ-Հնդկաստան գոտու ուրվագիծն ապագայում կարող է նույնիսկ արժութային գոտի լինել։ Եվրոպան, իմ տեսանկյունից, ավելի կաղքատանա, ԱՄՆ-ը նրանից կքամի վերջին հյութերը։ Հին աշխարհն այժմ մեկը մյուսի հետեւից կրակում է իր բոլոր վերջույթներին: ԵՄ-ն միշտ աշխատել է ինքնիշխանության իջեցման ուղղությամբ՝ ներառյալ Ֆրանսիայի եւ Գերմանիայի: Իրավիճակը չի փոխվի, քանի դեռ վերադարձ չի եղել թեկուզ առանձին եվրոպական պետությունների ինքնիշխանությանը»,- ընդգծեց փորձագետը։





























