Թերթը գրում է, որ բեռնափոխադրումներով զբաղվող թուրքական մի ընկերություն, որին վստահված էր արխիվային փաստաթղթեր Իգդիրից Պետական արխիվի գլխավոր տնօրենություն տեղափոխել, ըստ թուրքական «Զամանի», սխալմամբ դրանք հասցրել է ոչ թե պահպանելու վարչություն, այլ արխիվի թղթի թափոնի բաժին, որտեղ փաստաթղթերը ոչնչացվել են: Թերթի ներկայացմամբ` այդ արխիվային փաստաթղթերը վերաբերել են Իգդիրի հասարակական աշխատանքների եւ բնակարանային շինարարության տեղական հաստատություններից մեկի արխիվում պահվող տեղեկություններին, հատկապես թուրք-մեսխեթցիների առնչությամբ:

Առավել հետաքրքրական է, որ որպես թղթի թափոն ոչնչացված փաստաթղթերը ներառել են տեղեկություններ թուրք մեսխեթցիների հողի սեփականության ու հարկային փաստաթղթերի սերտիֆիկատներ: Փաստաթղթերում նաեւ եղել են տեղեկություններ մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը Թուրքիա տեղափոխված մեսխեթցիների, նրանց անձը հաստատող տվյալների, Թուրքիա տեղափոխվելու թվականների մասին:

Սխալի բացահայտումից հետո հետաքննություն է անցկացվել հասարակական աշխատանքների եւ բնարականային շինարարության նախարարության կողմից, որի Իգդիրի բաժանմունքն էլ հենց հանձնարարել էր տեղափոխել փաստաթղթերը` մեկ տասնյակից ավելի արկղ:

Հիշատակված նախարարությունը հայտարարել է, որ իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրում տեղի ունեցածի համար, այլ դրա համար պետք է պատասխան տա Պետական արխիվի գլխավոր տնօրենությունը: Այդպիսով, քննությունը կշարունակի Թուրքիայի վարչապետի գրասենյակը: