ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Հարություն Առաքելյանը վերջերս ՀՌԱԿ-ից վտարված Էդվարդ Անտինյանի բարեկամներին խորհուրդ է տալիս դիմել բժշկի, քանի որ կարծում է, որ «տղայի» առողջության հետ մի բան է կատարվում, նա ներքին հոգեկան խնդիրներ ունի: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարություն Առաքելյանը:
«Ես Էդվարդ Անտինյանի քայլերի մեջ մինչեւ այսօր փորձում եմ տրամաբանություն գտնել, չեմ գտնում: Ես իրեն ոչ կվիրավորեմ, ոչ բան, չնայած հասնում է իրեն, բայց մենք գործ ունենք կկվի տարբերակի հետ, կկուն իր բունը միշտ փոխում ու միշտ իր բունն է մեղադրում»,- նշեց Հարություն Առաքելյանը` հավելելով, որ Անտինյանի առողջական խնդիրները ինքը դեռեւս նկատել է, երբ նա պաշտոնակատար էր եւ հարցազրույց էր տալիս«Գալա» հեռուստատեսությանը եւ խոսում Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, փոխարենը խոսի իր ծրագրերի, անելիքների վերաբեյալ. «Նախօրոք կարելի է իրեն անմեղսունակ համարել, որովհետեւ կարող է բժշկական թղթեր հայտնաբերեն, որ այդ մարդը խնդիրներ ունի ուղեղի հետ կապված»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Էդվարդ Անտինյան-Հարություն Առաքելյան հակամարտությունը սրվել է ՀՌԱԿ վերջին համագումարից հետո, երբ որոշում է կայացվել վտարել Անտինյանին կուսակցության շարքերից: Դրանից հետո Անտինյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով եւ Առաքելյանին խոսել մի շարք խախտումների մեջ:
Անտինյանի այն հայտարարությանը, թե ինքը շարունակում է մնալ ատենապետ, քանի որ պետռեգիստրում հենց իր անունն է գրված, Հարություն Առաքելյանը նշեց, որ ՀՌԱԿ-ի ատենապետին պետռեգիստրը չի որոշում, այլ համագումարը, ռեգիստրը միայն արձանագրում է փաստը: Անտինյանը նաեւ նշել էր, որ եթե նոր ատենապետ նշանակվի, ինքը միայն կշնորհավորի. «Ջհանդամը շնորհավորի, շնորհավորանքը իր գլխին կպնի»,- նորանշանակ ատենապետը այսպես պատասխանեց Անտինյանի «մեծահոգությանը»:
Ինչ վերաբերում է համագումարը Աղվերանի փոխարեն` «Գոլդեն Փալասում» անցկացնելուն, Հարություն Առաքելյանը նշեց, որ համագումարը պետք է անցկացվեր Աղվերանում, բայց առավոտյան պարզվեց, որ ավտոբուսներից մեկը փչացել է, ինչը նշանակում է, որ մոտ 50 հոգի չի կարողանալու գալ Աղվերան: Այդ իսկ պատճառով էլ, Հարություն Առաքելյանի խոսքով, իրենք օպերատիվ կերպով համագումարը կազմակերպեցին Երեւանում եւ այդ մասին բազմաթիվ մարդիկ իմացան, այդ թվում` լրագրողներ:
Էդվարդ Անտինյանի` գրասենյակի տեղափոխելու նախաձեռնության վերաբերյալ նա նշեց, որ դրա համար պետք է Հանրապետական վարչության որոշում լիներ, ատենապետը միանձնյա որոշում չէր կարող կայացնել: Անդրադառնալով Անտինյանի` կնիքը կորելու վերաբերյալ տարածած հայտարարությանը` Հարություն Առաքելյանն ասաց, որ ատենապետ նշանակելու եւ կնիքը ու վկայականը Կարեն Կակոյանի մոտ պահելու մասին նշվում է մեկ փաստաթղթում: Հարություն Առաքելյանը նշեց նաեւ, որ եթե «կեղտը» շարունակվի, հնարավոր է` դատի տան:




























