Իշխանությունը խոստացել էր օգնել ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների մասնակիցներին աշխատանքի տեղավորման հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՍՀՆ աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն աշխատանքի տեղավորումն է։ Տվյալ խնդրի իրականացման համար պետությունը գործի կանցնի։ «Մենք ծրագրում ենք օգնություն ցուցաբերել մի քանի ուղղություններով։ Օգնություն կհատկացվի ինչպես ռազմական գործողությունների մասնակիցներին, այնպես էլ գործատուներին»,-ասաց Սարգսյանը։

Գործատուի նկատմամբ հիմնական պահանջը թափուր աշխատատեղի առկայությունն է։ Գործատուն պետք է դիմի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ թափուր աշխատատեղի համար թեկնածուներ տրամադրելու խնդրանքով։ Իր հերթին, պետությունը կառաջարկի այն անձին, որը  նախկինում մասնակցել է ռազմական գործողություններին։ Կառավարությունը նաեւ ֆինանսական աջակցություն կտրամադրի։ Այսպիսով, օգնության տրամադրման երեք տարբերակ կլինի, եւ գործատուն ինքը կկարողանա որոշել, թե առաջարկվող տարբերակներից որն է իրեն հարմար։ Նա պետք է ապահովի ինչպես թափուր աշխատատեղ, այնպես էլ ապագա թեկնածուի համար պահանջներ։

«Գործատուն՝ մինչ թեկնածուին աշխատանքի տեղավորելը, կկարողանա առաջարկել վերջինիս վերապատրաստելու տարբերակը...Այս դեպքում գործատուն կրկին կունենա երեք հնարավորություն։ Դիմորդը, օրինակ, կկարողանա վերապատրաստում անցնել հենց գործատուի մոտ։ Երկրորդ տարբերակն այն է, երբ գործատուն առաջարկում է որեւէ այլ տեղ...Եվ երրորդ տարբերակն այն է, երբ գործատուն ինքն է ասում, թե ուր պետք է դիմի թեկնածուն»,-պարզաբանեց Սարգսյանը։

Դրանից հետո ապագա աշխատակիցը կուղարկվի վերապատրաստման։ Այս դեպքում վերապատրաստման ժամկետը չպետք է գերազանցի 5 ամիսը։ Կառավարությունը պարտավորվում է ֆինանսավորել կրթությունը, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամ։ Բացի այդ, ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ՝ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով։ Այսինքն՝ այս պահին խոսքը 34 000 դրամի մասին է։ Դրանից հետո գործատուն պարտավոր է պայմանագիր կնքել առնվազն մեկ տարի ժամկետով։ Կառավարությունը մեկ տարվա ընթացքում կշարունակի աջակցություն ցուցաբերել եւ նոր աշխատողի համար վճարել հարկեր, սակայն ամսական 50 000 դրամից ոչ ավելի։

Երկրորդ տարբերակը պրակտիկան է 3 ամսից ոչ ավելի ժամկետով։ Այս դեպքում պետությունը վերապատրաստվողին ամսական կվճարի 68 000 դրամ աշխատավարձ։ Նաեւ հարկեր է վճարելու։ Ճիշտ է, միայն մեկ տարի:

Երրորդ տարբերակը ուղղակի անցումն է աշխատանքի։ Այս դեպքում գործատուին կտրամադրվի միանվագ օգնություն՝ 300 000 դրամի չափով։ Այն դեպքում, երբ գործատուն որոշի ժամկետից շուտ խզել պայմանագիրը, նրա նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։ Խոսքը, մասնավորապես, փոխհատուցման մեխանիզմների մասին է։ Այս պահին ծրագրից կօգտվի շուրջ 200 շահառու։ Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում, այն կարող է ընդլայնվել եւ երկարաձգվել: