Օգոստոսի 19-ին վաղ առավոտյան «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւելք» շահագործման տնօրինության աշխատակիցները Աբովյան փ.-Մյասնիկյանի պ.-Հերացու փ. հատվածում գտնվող ստորգետնյա տրանսպորտային անցումի մեջ ձեռնամուխ են եղել գործող անձրեւատար համակարգի վերակառուցմանը, որի համար մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանությունը ստիպված ժամանակավորապես փակել է անցումը տրանսպորտային միջոցների համար:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աբովյան փողոցի կողմից ստորգետնյա անցումի մեջ տեղադրվում է երկու նոր անձրեւատար ճաղավանդակ, իսկ ստորգետնյա անցումի ելքից ոչ հեռու` Մյասնիկյանի պողոտայի եւ Հերացու փողոցի հատման վայրում անձրատար դիտահորից խոշոր տրամագծի խողովակով միացում է տրվում դեպի Գետառի հունը:

Ներկայումս Մյասնիկյան պողոտայի վերին հատվածներում անձրեւների ժամանակ կուտակվող ջրերը լցվում են հեղեղատար ցանց եւ հեռանում: Սակայն հորդ անձրեւների ժամանակ ցանցի թողունակությունն ակնհայտորեն չի բավարարում, որի պատճառով ջրերը դուրս են հորդում դիտահորերից եւ հեղեղում հարակից փողոցներն ու ստորգետնյա անցումների մեջ տրանսպորտային խցանումներ առաջացնում:

Մայրաքաղաքում անձրեւների ժամանակ առաջացող ջրհեղեղների կանխարգելմանն ուղղված այս աշխատանքները նպատակ ունեն Մյասնիկյանի պողոտայով ձգվող անձեւատար համակարգի «ավելորդ» ջուրն ուղղել դեպի Գետառ` խուսափելով հարակից տարածքների հեղեղումներից, ինչպես նաեւ կուտակվող ջրերն ավելի արագ հեռացնել ՙՊլանի գլխի՚ ստորգետնյա տրանսպորտային անցումից:

Հաշվի առնելով Աբովյան փ.-Մյասնիկյանի պ.-Հերացու փ. հատվածի աշխույժ տրանսպորտային երթեւեկը, «Երեւան Ջուր» ՓԲԸ աշխատակիցները նախատեսում են այսօր իսկ վերջացնել աշխատանքների մեծ մասը եւ բացել ստորգետնա անցումը տրանսպորտի համար: