ԿԲ-ի կողմից բարձրացվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական հուսահատ քայլն է գնաճը զսպելու։
2022 թվականի օգոստոսի 2-ի նիստում ՀՀ կենտրոնական բանկը որոշեց 0,25 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9,5 տոկոս։ Որպես հիմնավորում նշելով, որ 2022 թվականին հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 10,3 տոկոս, ինչպես նաև գործընկեր երկրներում, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության դեպքում, տնտեսական աճը դանդաղել է։
ԿԲ-ի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկն է, որը ցույց է տալիս այն տոկոսադրույքը, որով Հայաստանի առևտրային բանկերը պարտք են վերցնում ՀՀ ԿԲ-ից իրացվելիության ցանկալի մակարդակի հասնելու համար։ Այն ուղղակի ազդում է վարկերի տոկոսադրույքների վրա։
Հարկ է ընդգծել, որ 02․08․2022 թվականին ԿԲ-ի սահմանած 9,5 տոկոս վերաֆինանսավորման տոկսադրույքը վերջին 7 տարիների ընթացքում ամենաբարձն է։

Տեղին է հիշեցնել, որ տարեսկզբին կենտրոնական բանկը 2022 թվականի համար կանխատեսում էր 4 տոկոսանոց գնաճ, այնուհետև, վերանայվեց կանխատեսումը սահմանելով 5,5 տոկոս, իսկ ներկայում ԿԲ-ի խորհրդի անդամները հայտարարում են 8,5 տոկոսանոց գնաճի մասին, և դրան հասնելու համար բարձրացնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին բարձրացումը տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 15-ին՝ 8 տոկոսից հասցնելով 9,5, որը պայմանավորված էր 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին շարունակվող բարձր գնաճով և ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած բացասական սպասումներով։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնում է վարկային տոկոսադրույքների աճին, մասնավորապես՝ եթե 2020 թվականի նոյեմբերին մեկ տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքը կազմում էր 11,19 տոկոս, ապա 2022 թվականի մայիսի դրությամբ տոկոսադրույքն ավելացել է մոտ 1,35 տոկոսով՝ դառնալով 12,54 տոկոս։ Սրա արդյունքում՝ բիզնեսի և հանրության համար թանկացել են ոչ միայն առաջարկվող վարկերի տոկոսադրույքները, այլ նաև գործող։ Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ բանկերը և վարկային կազմակերպություններն արդեն իսկ բարձրացրել են գործող վարկերի տոկոսադրույքները՝ լրացուցիչ ֆինանսական խնդիրներ առաջացնելով վարկառուների համար։ Վերջին ամիսների ընթացքում շարքային քաղաքացիները պարբերաբար բողոքում են, որ իրենց գործող հիպոթեկային վարկերի տոկոսադրույքները բանկերը կամայական բարձրացնում են մատնանշելով գնաճի մակարդակը և ԿԲ-ի կողմից սահմանաված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը։ Հետևաբար, պետք է սպասել վարկային տոկսադրույքների նոր բարձրացումների։
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն արդարացնում է բարձր տնտեսական աճի և արտահանման ցուցանիշներով, այն դեպքում, որ դա պայմանավորված է զուտ արտաքին գործոններով և խիստ ժամանակավոր բնույթ ունի։
Եթե պահպանվի դրսից եկող գումարների հոսքը, ապա ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկսադրույքի բարձրացումը կհանգեցնի դրամի էլ ավելի արժևորմանը, որը կշարունակի մեծ վնաս հասցնել արտահանողներին, քանի որ ապրանքներն արտահանման շուկաներում կամ պետք է թանկացնեն գները կամ իրենց շահույթի հաշվին փոխհատուցեն։ Միաժամանակ կշահեն ներկրողները, ավելի մրցունակ կդառնան՝ ներքին շուկայից դուրս թողնելով տեղական արտադրողներին։
ԿԲ-ի որոշումից կտուժեն նաև տրանսֆերտներով ապրող ընտանիքները, քանի որ իրենց հարազատներից ուղարկվող արտարժույթը դրամի փոխանակելիս ավելի փոքր գումար կստանան։ Այսինքն՝ ստացվում է, որ ընտանիքների ձեռքի փողը կպակասի բարձր գնաճի պայմաններում։ Հետևաբար, նրանց կենսամակարդակն էլ ավելի կնվազի։
Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ ԿԲ-ի կողմից բարձրացվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական հուսահատ քայլն է գնաճը զսպելու ուղղությամբ։ Գյուղատնտեսության ոլորտի 5,5 տոկոսանոց անկումն անխուսափելի է դարձնում հնարավոր գնաճը, սա չի կարող զսպել ԿԲ-ն։ Այնուամենայնիվ, սոցիալական բունտերից խուսափելու համար շարունակում է իրենց ձախողված դրամավարկային քաղաքականությունը՝ մեծ վնաս հասցնելով տնտեսության իրական հատվածին։
Արամ Աճեմյան





























