Եվրոպայում բնակվող մի խումբ հայ ակտիվիստներ ստորագրահավաք են նախաձեռնել ի պաշտպանություն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կալանավորված ակտիվիստ Տիգրան Առաքելյանի:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մենք, եվրոպաբնակ երիտասարդ ակտիվիստներս, հերթական անգամ մեր խորին վրդովվությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների հանդեպ կիրառվող սահմանադրական օրինախախտումները: Տեղյակ լինելով օգոստոսի 9-ի՝ ոստիկանների եւ երիտասարդ ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպին, հետեւելով իրադարձությունների զարգացմանը՝ հանգել ենք այն համոզմունքին, որ վերջին տարիների ընթացքում չեն փոխվել ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ ակտիվիստների հանդեպ իշխանության կողմից կիրառվող «քրեաքաղաքական ապուրի» պատրաստման մեթոդները:

Մենք չենք հավատում ՀՀ Ոստիկանությանը. մենք համոզված ենք, որ երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունը դե ֆակտո քաղաքական ստվեր ունի: Դրանում կասկած անգամ չունենք, քանզի ընդդիմադիր ակտիվիստների հանդեպ անդադար իրագործվող անդադար ճնշումները չեն դադարել»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության հեղինակների, «ոգեւորվելով այն փաստով, որ նրանք, հաղթահարելով այդ ճնշումները, շարունակում են պայքարել իրենց իրավունքի՝ ազատ խոսքի, ազատ կարծիքի, ազատ քաղաքական համոզմունքի համար՝ թե ազատության մեջ եւ թե բանտում՝ քաղբանտարկյալի կարգավիճակում, կազմակերպում ենք ինտերնետային ստորագրահավաք՝ միջազգային մասշտաբով: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ մեր ստորագրահավաքին, որով պահանջում ենք ազատել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ով առաջին անգամ չի գտնվում այդ կարգավիճակում, կարող են այցելել հետեւյալ ԿԱՅՔԸ»՝

«Մենք կշարունակենք ստորագրահավաքների կազմակերպումը թե՛ համացանցում եւ թե՛ համացանցից դուրս, այնքան ժամանակ, մինչեւ մեզ մոտ հույս չառաջանա, որ ՀՀ երբեւէ կկարողանա դուրս գալ Երրորդ Աշխարհի երկրների ցանկից: Սատարում ենք երիտասարդ քաղաքական ակտիվիստներին շարունակել պաշտպանել իրենց Սահմանադրական իրավունքները, պայքարել սեփական համոզմունքների արժեքը պահպանելու եւ դրանք զարգացնելու համար»,- նշել են նրանք:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 19-ին վերաքննիչ քրեական դատարանն ազատ արձակեց ՀԱԿ երկու ակտիվիստների` Սարգիս Գեւորգյանին եւ Արտակ Կարապետյանին: Ներկայումս անազատության մեջ է գտնվում միայն Տիգրան Առաքելյանը, ում մեղադրում են օգոստոսի 9-ին հատուկ ջոկատայինի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: