Շիրակի մարզում գործազրկության մակարդակը այսօր էլ ամենաբարձրն է: «Աշխատում են երկրի աշխատունակ համարվող քաղաքացիների շուրջ 29 տոկոսը: Գործազրկությունը Շիրակի մարզում ավելի բարձր է»,-NEWS.am-ի թղթակցին ասել է Շիրակի մարզի վիճակագրության վարչության ամփոփ բաժնի պետ Անահիտ Մարգարյանը:
Այս պայմաններում ազատ աշխատանքի իրավունք ասածը չի պահպանվում: Զբաղվածության կենտրոնի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Ամալյա Ադամյանի փոխանցմամբ՝ ազատ ընտրության իրավունք այսօր ունի միայն գործատուն, քանի որ աշխատատեղերը խիստ սահմանափակ են: «Եթե զուտ թվաբանական վերլուծություն անենք, ապա կենտրոնում գրանցված գործազուրկներն ու աշխատատեղերը հարաբերվում են 70:1 հարաբերությամբ: Սա նշանակում է, որ մեկ թափուր կամ առաջարկվող աշխատատեղին բաժին է ընկնում 70 գործազուրկ»,- ասել է Ամալյա Ադամյանը: Եւ շուկայում ստեղծված անհամապատասխանությունը, ըստ նրա բավարար հիմքեր է ստեղծել, որ գործատուն իր լիազորություններն ու իրավունքները վերազանցի:
«Օգտվելով առիթից խիստ, բավականին խիստ պահանջներ են առաջադրում: Մենք երբեմն խնդրում, համոզում ենք, որ սահմանափակումներ չլինեն կամ գոնե կոշտ սահմանափակումներ չլինեն, բայց ոմանք չեն ընդունում մեր խորհուրդը, որովհետեւ աշխատանք փնտրողները շատ են, աշխատատեղերը քիչ»,- ասել է Գյումրու զբաղվածության կենտրոնի ղեկավարը:



























