Կենտրոնական եւ հարավային Եվրոպայի շրջաններում հզոր փոթորիկների հետեւանքով զոհվել է 12 մարդ։ Փոթորիկը եվրոպական մայրցամաք էր եկել մի քանի շաբաթ այստեղ տեւած աննորմալ շոգից եւ երաշտից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջին տվյալներով՝ ուժեղ փոթորիկը խլել է առնվազն երեք երեխայի կյանք։ Փոթորիկների զոհ են դարձել Իտալիայի ու Ավստրիայի, ինչպես նաեւ ֆրանսիական Կորսիկա կղզու բնակիչները։ Մահվան դեպքերի մեծ մասը կապված է ծառերի ընկնելու հետ։

Կորսիկայում մինչեւ 224 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներն արմատախիլ են արել ծառերը, վնասել շարժական տները եւ ավերել վրանային ճամբարները։ Տեղական իշխանությունները հայտնել են 13-ամյա աղջկա մահվան մասին. նա զոհվել է ճամբարի վրա ծառի ընկնելու պատճառով:

Կորսիկայում ծառի անկման հետեւանքով 46-ամյա տղամարդ է մահացել։ Եւս մի կին մահացել է այն բանից հետո, երբ նրա ավտոմեքենայի վրա ընկել է ծովափնյա տան տանիքը։ Եւս մի տղամարդ եւ կին մահացել են ծովում գտնվելու ժամանակ, ընդհանուր  20 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։

Իրավիճակի վատթարացման վտանգի պատճառով մոտ 13 հազար մարդ տարհանվել է վրանային քաղաքներից, սակայն ուրբաթ առավոտյան տեղական իշխանությունները հայտնել են, որ գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։

Տեղի բնակիչները պատմել են, որ փոթորիկը հանկարծակիի է բերել իրենց. իշխանությունների կողմից նախազգուշացումներ չեն եղել։

Ավստրիայում տապալված ծառերը չորս եւ ութ տարեկան երկու աղջկա մահվան են հանգեցրել։ Միջադեպը տեղի է ունեցել Կարինթիայի հարավային շրջանում։ Իտալիայի Տոսկանա մարզում ընկած ծառերի զոհ է դարձել մի տղամարդ եւ մի կին։ Փոթորկի հետեւանքով տուժել են Տոսկանայի եւ հյուսիսային Լիգուրիայի ծովափնյա հանգստավայրերը։ Տոսկանայի տարածաշրջանի ղեկավար Եվգենիո Ջիանին տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Պյոմբինո քաղաքում ուժեղ քամու պատճառով լաստանավի անիվն անկառավարելի պտտվում է: Իսպանիայում անտառային հրդեհները չեն մարում. նույնիսկ հորդառատ անձրեւները չեն կարողանում կանգնեցնել անոմալ շոգի հետեւանքով բռնկված հրդեհները։