Աֆրիկայից Կանադա մեկնող 81-ամյա դանիացի կինը ձերբակալվել է Վարշավայի օդանավակայանում՝ ավելի քան 515 000 դոլար արժողությամբ ապօրինի հերոին պահելու կասկածանքով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով դատախազներին։
Ֆրեդերիկ Շոպենի օդանավակայանի մաքսավորները կիրակի օրը որոշել են ստուգել կնոջ ուղեբեռը այն բանից հետո, երբ կասկածել են նրա երթուղու եւ անհանգիստ վարքագծի պատճառով: Ճամպրուկի կեղծ հատակի տակ 5 կիլոգրամ հերոինով փաթեթներ են հայտնաբերվել։
Կինը, որը ճանապարհորդել է Մալավիից եւ Քենիայից Դոհայով եւ Վարշավայով, հերքել է իր մեղքը եւ ասել, որ ընտանիքի անդամներն իրեն տվել են ճամպրուկ, որտեղ նվերներ են եղել Կանադայի հարազատների համար:
Նրան երեք ամսով կալանավորել են, իսկ դատախազությունը հետաքննություն է սկսել։ Լեհաստանի օրենսդրությամբ նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում՝ թմրանյութերի անօրինական պահման համար:
Դանիացի պաշտոնյաները հաստատել են, որ Լեհաստանում կալանավորվել է Դանիայի քաղաքացի, եւ ասել են, որ նախարարությունը «հյուպատոսական օգնություն է ցուցաբերում»:





























