Լեռնագնաց Էսկիլ Նյուստրյոմը, որն արշավի է գնացել կենտրոնական Շվեդիայի Կալֆելեն քաղաք, Յամտլենդում կանգառում մետաղյա բրոշ է հայտնաբերել, գրում է Arkeonews-ը։
Նյուստրյոմը բրոշը բերել է տուն եւ հարցրել բոլորին, բայց ոչ ոք չի իմացել, թե դա ինչ է։ Մեկ տարի անց նա կապ է հաստատել Էստերսունդի Jamtli թանգարանի հետ եւ հասկացել իր գտած իրի հնագիտական ու պատմական նշանակությունը։
Գիտնականները հետազոտել են գտածոյի հայտնաբերման վայրը եւ մուր ու ածխացած ոսկորներ հայտնաբերել:
«Հաստատվել է, որ սա վիկինգների դարաշրջանի դիակիզման գերեզման է եւ, ամենայն հավանականությամբ, կանանց համար»,- ասել են հետազոտողները: Նախկինում լեռներում հայտնաբերվել են վիկինգների միայն հինգ այլ գերեզմաններ, եւ բոլորը պատկանել են տղամարդկանց։
«Այնպիսի զգացողություն է, որ այդ մարդիկ ինչ-որ տեղ ճանապարհին են եղել, երբ կինը մահացել է: Հուղարկավորությունը տեղի է ունեցել այստեղ, որտեղ կինը վերջին շունչն է փչել։ Նրանք կարող էին կնոջը տանել տուն, որտեղ ապրում էին, բայց փոխարենը սարի վրա դիակիզման փոս են փորել»,- պատմել են հնագետները։
Նրանք նաեւ նշել են, որ վիկինգ կնոջ գերեզմանը լավ կահավորված է եղել։
«Նա շատ գեղեցիկ է։ Նա լիովին համապատասխանում է սոցիալական եւ կրոնական նորմերին։ Վիկինգ կինը գերեզման է տարել իր բոլոր թանկարժեք իրերը, սակայն այստեղ չկան հուշարձաններ կամ բլուրներ։ Դա ուղղակի հարթ տեղ է: Այսպիսով, այս գերեզմանը տարբերվում է երկաթե դարի բնակավայրերի վիկինգների գերեզմաններից»,- պարզաբանել են նրանք՝ հավելելով, որ այս տարի գերեզմանը պեղելու ծրագիր չկա։
Կրակը կենտրոնական դեր է խաղացել վիկինգների հուղարկավորության տպավորիչ ծեսերում: Վիկինգների դարաշրջանի սկզբում դիակիզումը տարածված է եղել։ Ավելի ուշ մոխիրը ցրել են ջրերի վրա։ Վիկինգների աշխարհում գերեզմանային գտածոների ճնշող մեծամասնությունը դիակիզումներ են:





























