Հյուսթոնի բնակչուհին հիվանդանոց է ընկել այն բանից հետո, երբ ձեռք է տվել իր մեքենայի դռան վրայի անձեռոցիկին, որը կարծես թունավորված է եղել:

Էրին Միմսն իր ծննդյան տարեդարձը ամուսնու հետ նշել է տեղի ռեստորանում։ Երբ ամուսինները շարժվել են դեպի իրենց մեքենան, դռան վրա անձեռոցիկ է եղել։ Միմսն ասել է, որ ինքը գցել է անձեռոցիկը եւ դրա մասին առանձնապես չի մտածել, հաղորդում է FOX 26-ը:

«Ամուսնուս հարցրի՝ դռան վրա անձեռոցիկ դրե՞լ ես։ Եվ նա ասաց՝ ոչ»,- պատմել է նա:

Կինը վերադարձել է ռեստորան եւ լվացել է ձեռքերը, սակայն մատների հանկարծակի ծակծկոց է զգացել, այնուհետեւ ախտանշաններն ավելի են վատացել։ «Երեւի մոտ հինգ րոպե հետո իմ ամբողջ ձեռքը սկսեց ծակծկել եւ թմրեց: Ես չէի կարողանում շնչել»,- պատմում է Միմսը։ «Ես սկսեցի շոգել, կուրծքս ցավում էր, սիրտս արագ էր բաբախում»։

Նրա խոսքով, մարմնի ծակծկոցն ու թմրությունը ինքը զգացել է անձեռոցիկը դռան վրայից հանելուց մոտ 5 րոպե հետո։

Երբ նա հասել է հիվանդանոց, բժիշկները վերցրել են մեզի նմուշներ, արյան անալիզներ եւ համակարգչային տոմոգրաֆիա են արել։ Արդյունքում բժիշկներն ախտորոշել են սուր թունավորում անհայտ նյութով։ Բժիշկն ասել է, որ միջադեպը նման է առեւանգման անհաջող փորձի:

Հյուսթոնի ոստիկանությունը հայտնել է, որ դա առաջին նման դեպքն է:

Հարավարեւելյան Հյուսթոնի թույների կենտրոնի կառավարիչ Մարկ Վինթերն ասել է, որ Միմսի ախտանիշները համընկնում են հարյուրավոր տեսակի թույների հետ: