ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարութային գործողություններ՝ 23-ամյա երիտասարդի սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից։

Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնից ստացվել է 2022 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 11։35-ին եւ տեղեկացվել, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում հայտնաբերել է 23-ամյա երիտասարդի այրված դի։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ երիտասարդի դին` այրված վիճակում. կրծքավանդակի առաջնային մակերեսին առկա են եղել թվով 3, հետնային մակերեսին` 7, ինչպես նաեւ մարմնի այլ հատվածների վնասվածքներ։  Վերցվել են փորձանմուշներ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննություններ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: