Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Բելառուսի վարչապետները ժամանել են Ղրղզստան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին մասնակցելու, հայտնում է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 25-ից 26-ը Չոլպոն-Աթա քաղաքում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակիցները կքննարկեն մի շարք արդիական հարցեր ինտեգրացիոն ասոցիացիայի շրջանակներում:

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Ղրղզստան են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Ալիխան Սմաիլովը եւ ՌԴ Միխայիլ Միշուստինը»,- ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նշել է, որ «Իսիկ-Կուլ» միջազգային օդանավակայանում կառավարությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի փոխնախագահ Բակիտ Տորոբաեւը։

Բացի այդ, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը որպես հյուր կմասնակցի նիստին՝ Ղրղզստանի կաբինետի ղեկավար Ակըլբեկ Ջափարովի անձնական հրավերով։

Սպասվում է նաեւ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովի ժամանումը, ով միջկառավարական խորհրդին կմասնակցի դիտորդի կարգավիճակով։