Մամուլում հայտարարությունների տեղադրման հարցերով Թուրքիայի կառավարությանն առընթեր վարչության որոշումը՝ 250 հազար լիրա (145 հազար դոլար) աջակցություն տրամադրել ազգային փոքրամասնություններին պատկանող 6 թերթերին, ողջունելի եւ թուրքական պետության կողմից արված շատ դրական քայլ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը։

Նրա տեղեկացմամբ, վարչությունը 45 հազար լիրա (մոտ 28 հազար դոլար) կտրամադրի օրաթերթերին, այն դեպքում, երբ շաբաթաթերթերին բաժին կհասնի 35 հազար լիրա (մոտ 21 հազար դոլար)։ «Մեր պարագայում, պարզ է, որ խոսքը 35 հազար լիրայի մասին է»,- նկատեց Քոփթաշը՝ հավելելով, որ գումարը պարբերականները կստանան արդեն հաջորդ շաբաթ, ընդ որում, գումարը կտրամադրվի միայն 2011 թվականի համար։ «Հնարավոր է,որ մեկ այլ որոշմամբ 2012-ին եւ առաջիկա հաջորդ տարիներին հատկացվելիք գումարի չափն ավելանա»,- նկատեց «Ակոսի» խմբագիրը՝ հիշեցնելով, որ թուրքական պետության կողմից իրենց շաբաթաթերթը դրամական աջակցություն վերջին անգամ ստացել էր 1982 թվականին։ «Իր այս քայլով թուրքական պետությունը կարծես ցույց տվեց, որ հիշում է այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների գոյության եւ նրանց թերթերի ունեցած դժվարությունների մասին։ Սա ինքնին դրական քայլ է»,- կրկին շեշտեց Ռոբեր Քոփթաշը։

Հարցին, թե ինչ նպատակով են պատրաստվում ծախսել հատկացվելիք գումարը՝ նա Պատասխանեց. «Իհարկե, մասնագիտական գործունեությունն էլ ավելի լավ կազմակերպելու համար»։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մամուլում հայտարարությունների տեղադրման հարցերով Թուրքիայի կառավարությանն առընթեր վարչության որոշումը դրական եւ անակնկալ որակեց նաեւ «Մարմարա» օրաթերթի աշխատակից Նաիրա Սյուզմե Մկրտչյանը ՝ նկատելով, որ իրենք թուրքական պետությունից ֆինանսական որեւէ սպասելիք չեն ունեցել եւ նման նորությունը հաճելիորեն զքարմացրել է իրենց՝ որքան էլ գումարի չափը փոքր լինի։

Նշենք, որ Թուրքիայի մամուլում հայտարարությունների տեղադրման հարցերով վարչությունը որոշում է կայացրել, որ ազգային փոքրամասնություններին պատկանող 6 թերթ կստանան 250 հազար լիրա (145 հազար դոլար) աջակցություն:

Թուրքիայի ազգային փոքրամասնություններին պատկանող 6 թերթերը կրկին զրկված կլինեն գովազդ կամ վճարովի հայտարարություն տպելու իրավունքից, քանի որ դրա համար հարկավոր է մամուլում հայտարարությունների հետ կապված օրենքում փոփոխություններ կատարել:

Ստամբուլում ազգային փոքրամասնություններին պատկանող եւ դրամական աջակցություն ստացած թերթերն են հունական «Ափոյեւմատինի» եւ «Իհո»,  հայկական «Մարմարա», «Ակոս» եւ «Ժամանակ» եւ հրեական «Շալոմ» պարբերականները: