ԵԱՏՄ շուկան ամենահարմարն է Հայաստանից պատրաստի արտադրանքի վաճառքի համար։ Այս մասին Երեւանում Եվրասիական փորձագիտական ակումբի մամուլի ասուլիսին, ամփոփելով յոթերորդ տնտեսական ուսումնասիրության արդյունքները, հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ եթե մինչեւ համավարակի բռնկումը ԵԱՏՄ տարածքը Հայաստանից արտահանման եւ ներմուծման շուրջ 27 տոկոսն էր կազմում, իսկ մինչ այդ՝ 25 տոկոսը, ապա ընթացիկ տարվա տվյալներով այդ ցուցանիշն արդեն իսկ մոտ 30 տոկոս է: Ընդ որում, քաղաքագետի դիտարկումներով, գրագետ աշխատանքի եւ շուկայում ճիշտ դիրքավորման դեպքում այդ ցուցանիշը մինչեւ տարեվերջ կարող է աճել։
«ԵԱՏՄ շուկան անփոխարինելի է Հայաստանի համար, ուստի համագործակցության այդ վեկտորը կշարունակի մնալ ամենակարեւորը ոչ միայն առեւտրատնտեսական, քաղաքական հարաբերությունների, այլեւ անվտանգության տեսանկյունից։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը, ամենամեծ ներդրողը եւ հայկական պատրաստի արտադրանքի ամենամեծ շուկան։ Գազի եւ ցորենի շնորհիվ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի խոշորագույն ներկրողը մնալ։ Վերջին շրջանում ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում զգալիորեն ավելացել է, իսկ Ռուսաստանի Դաշնությունից ժամանակավոր աշխատանքային միգրանտները զգալիորեն ազդել են ապրանքաշրջանառության աճի վրա։ Բացի այդ, մեծ նշանակություն ունի մեր առեւտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ մեր երկրի անվտանգության ամրապնդման տեսանկյունից»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում հակառուսական քարոզչության ակտիվացում է նկատվում։
Ըստ փորձագետի՝ հայ-ռուսական միության հակառակորդները փորձում են ստվեր գցել նաեւ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վրա՝ կեղծելով իրականությունը եւ լուրեր տարածելով այն մասին, որ 2013-14թթ. Հայաստանին խաբեությամբ են ԵԱՏՄ ծուղակը գցել։





























