Արզական գյուղում օգոստոսի 27-ին կնոջ սպանության եւ հարևաններին դանակահարելու մեջ կասկածվող տղամարդը դեռեւս չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ սպանության նախնական վարկածը խանդն է:

«Քանի որ մեկ կողմը չի ցանկանում մեկնաբանել, իսկ մյուս կողմը դեռեւս չկա, ստույգ չենք կարող ասել, թե որն է պատճառը: Հիմա միայն ենթադրություններ կարող ենք անել»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 27-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նախնական տեղեկություններով, 46–ամյա Զորիկ Մ.–ն իրենց տան ննջասենյակում կտրել է կնոջ պարանոցը, ապա գնացել հարեւանների տուն եւ դանակահարել հարեւան ամուսիններին։ 57-ամյա Ավետիք Ա-ն և 53-ամյա Անահիտ Ա-ն տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի առթիվ սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։