Ալբանիայի ոստիկանությունը երեքշաբթի ձերբակալել է Thodex կրիպտոբորսայի փախուստի դիմած հիմնադրին, որը Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կրիպտոխարդախության կասկածանքով եւ մեկ տարի ազատության մեջ էր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը եւ տեղական ԶԼՄ-ներին։
Ալբանական եւ թուրքական ԶԼՄ-ները կասկածյալին նույնականացրել են որպես Ֆարուք Ֆաթիհ Օզեր։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իշխանությունները արտահանձնման գործընթաց են սկսել։
Ոստիկանությունը կասկածյալին անվանում է միայն սկզբնատառերով՝ Ֆ. Օ., եւ ասում է, որ 28-ամյա երիտասարդը «Ուղեղ» ծածկանունով գործողության ընթացքում ձերբակալվել է Ադրիատիկ ծովի հարավային Հիմարե հանգստավայրում՝ երկու ալբանացի օգնականների հետ միասին:
Ոստիկանությունը առգրավել է դյուրակիր համակարգիչներ, շարժական սարքեր եւ բանկային քարտեր, ասվում է հայտարարության մեջ։
Thodex-ը զբաղվում էր հարյուր միլիոնավոր դոլարների կրիպտոարժույթների ամենօրյա առեւտրով, երբ թուրքական իշխանություններն անցյալ տարի արշավանք իրականացրեցին, որի արդյունքում վեց կասկածյալներ, այդ թվում՝ ընկերության ղեկավարները, ձերբակալվեցին, իսկ ավելի ուշ՝ բանտարկվեցին:
Օզերը փախել էր երկրից, իսկ ընկերությունը փակել էր իր կայքը։
Thodex-ի փաստաբան Սեւգի Էրարսլանն ավելի վաղ հայտարարել էր, որ բորսան ձախողել է որոշ կրիպտոարժույթների ծայրահեղ անկայունության եւ հաքերային հարձակման պատճառով: Նա ասել է, որ խարդախության կասկածներն անիրատեսական են։
Էրարսլանը նաեւ հայտարարել է, որ ընկերությունը ծածկել է ավելի քան 800 մարդու վնասը, որոնք փողեր են կորցրել բորսայի փլուզման հետեւանքով։
Թուրքական իշխանություններն ավելի ուշ արգելել են կրիպտոակտիվների օգտագործումը վճարումների համար, եւ որոշ տեղական փոխանակումներ հետաքննվել են խարդախության փաստով: Թուրքիայում թվային արժույթների օգտագործման բում է, ինչը պայմանավորված է ինֆլյացիայի աճով եւ լիրայի կուրսի անկմամբ։





























