Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց, պատժամիջոցային պատերազմի մեկնարկից եւ լոգիստիկ շղթաների խափանումից գրեթե անմիջապես հետո համաշխարհային շուկաներում հացահատիկի գները բարձրացան, իսկ մինչեւ ամառ նույն կերպ կտրուկ նվազեցին (ցորենի համար դրանք գարնանից ընկել էին մոտ 40 տոկոսով, եգիպտացորենի համար՝ 25 տոկոսով):

Այս պայմաններում Հայաստանն ավելացրել է հացահատիկի ներմուծումը։ Մասնավորապես, 2022 թվականի առաջին կիսամյակում հանրապետություն է ներկրվել 187 392 տոննա հացահատիկ (սա ներառում է եգիպտացորենի եւ գարու ներմուծման տվյալները՝ համապատասխանաբար 38 998 տոննա եւ 18 176 տոննա)՝ 47 մլն դոլար ընդհանուր ծավալով։

Ցորենի ներմուծումը կազմել է 130218 տոննա՝ 34,4 մլն դոլար արժողությամբ։

2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ներմուծվել է 97 հազ․ տոննա հացահատիկ (ներառյալ եգիպտացորենի եւ գարու ներմուծման տվյալները՝ համապատասխանաբար՝ ավել քան 28 հազ․ տոննա եւ 3995 տոննա)՝ 21 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։

Ցորենի ներմուծումը կազմել է 65 039 տոննա՝ 14,4 մլն դոլար արժողությամբ։

Ստացվում է, որ ընդհանուր առմամբ, հացահատիկի ներմուծումը, ինչպես նաև ցորենի ներմուծումն առանձին, 2022 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է։

Հայաստան հացահատիկ ներկրվում է հիմնականում Ռուսաստանից, որտեղից, ըստ որոշ կանխատեսումների, 2022 թվականին ցորենի արտահանումը կաճի մինչեւ 32-33 մլն տոննա։

Արամ Դանիելյան