Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հաղթանակ թաղամասի բնակիչներին խոստացել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի բնակիչների խնդրի լուծմամբ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի հետ հանդիպումից դուրս եկած բնակիչներից Գեղամ Վլասյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ Հաղթանակ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով թույլ տալ, որ սեփականաշնորհեն դեռեւս 1990-ականներին իրենց ստացած տարածքները:
«Առաջարկեցին ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի այս խնդրով։ Մեզ ասացին նաև, որ հանդիպումները շարունակական կլինեն, և իրենք պատրաստակամ են խնդրին լուծում տալ։ Մենք ասացինք, որ հապաղումների հետևանքով փոխվստահությունը կորել է։ Սակայն վստահեցրին, որ մեր բարձրացրած հարցերը փուլ առ փուլ պետք է լուծվեն: Կարևոր է, որ քաղաքապետարանը պատրաստակամություն հայտնեց աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց Վլասյանը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն իր հերթին հայտնեց, որ խնդիր է դրված` մինչև հաջորդ հինգշաբթի բնակիչները պետք է ամբողջությամբ գույքագրեն իրենց խնդիրները՝ հասկանալու, թե քանի բնակիչ որ խնդիրն ունի։ Դրանից հետո Երևանի քաղաքապետին կներկայացվի այդ ամբողջ փաթեթը, և լուծումներ կտրվեն։
Հարցին` խնդիրը կլուծվի՞ մինչև տարեվերջ, Կատվալյանը պատասխանեց, որ ուզում են ավելի կարճ ժամկետում դա անել, սակայն կան բնակիչներ, որոնք կորցրել են իրենց սեփականության ակտերը, և այս դեպքում դատարանով պետք է դրանք վերականգնեն։
Հանդիպման մասնակից մեկ այլ բնակիչ նշեց՝ այս պահին փաստացի ունենք խոստումներ, հետո կերևան, դրանց կհետևե՞ն գործողություններ, թե՞ ոչ. «Եթե չլինեն ռեալ գործողություններ, մենք շարունակելու ենք բողոքի ակցիաները»,-ասաց նա։




























