ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտնել է կիսահաղորդիչների արտադրության զարգացման համար 50 միլիարդ դոլար հատկացնելու մասին։ Նշվում է, որ սա ոլորտի ամենամեծ ֆինանսավորումն է վերջին տարիներին, գրում է The New York Times-ը։

28 միլիարդ դոլար կհատկացնի CHIPS for America (Creating Helpful Incentives to Produce Semiconductors) հիմնադրամը, միջոցները կուղղվեն դրամաշնորհներին՝ արտադրության եւ հավաքման կարողությունները մեծացնելու համար:

Եվս 10 մլրդ դոլար կծախսեն ավտոարդյունաբերության եւ հաղորդակցությունների ոլորտում օգտագործվող չիպերի հին սերունդների արտադրության տեխնոլոգիաների ընդլայնման համար։ Հետազոտության եւ զարգացման ոլորտում նախաձեռնությունների համար նախատեսում են 11 մլրդ դոլար հատկացնել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախկինում սահմանափակումներ էր մտցրել Ռուսաստանի եւ Չինաստանի համար արտադրվող սուպերհամակարգիչների եւ արհեստական բանականության համար օգտագործվող չիպերի վաճառքի վրա։

Գրաֆիկական պրոցեսորներ արտադրող Nvidia-ն եւ AMD-ը հայտարարել են, որ կառավարությունն այժմ արտահանման լիցենզիաներ է պահանջում սերվերային համակարգերի երկու տեսակի բարձր արդյունավետությամբ չիպեր վաճառելու համար: Այսպիսով, Վաշինգտոնը փորձում է հասնել Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի կողմից ռազմական նպատակներով կիսահաղորդիչների օգտագործման սահմանափակմանը։