Հրագործական ապրանքներ (սալյուտ, պայթուցիկ եւ այլն) օգտագործելու կոնկրետ վայրեր եւ ժամեր սահմանված չեն: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեցին Ոստիկանությունից:

Հրագործական ապրանքներ օգտագործելը եւ դրանով մարդկանց հանգիստը խոչընդոտելը մտնում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի մեջ: Համաձայն այդ  հոդվածի` հասարակական  վայրերում լռության խախտումը համարվում է վարչական իրավախախտում: Իսկ լռության խախտում են համարվում  նաեւ գիշերը ժամը 22-ից մինչեւ 6-ը աղմուկով ուղեկցվող  աշխատանքներ կատարելը եւ ձայնային ազդանշաններ տալը: «Նույն օրենսգրքի 219 հոդվածի համաձայն` 180 հոդվածի  հատկանիշներով վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են տարածքային կառավարման մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները»,- հայտնել են ոստիկանությունից:

«Ժամը 12.01 էր, առանց որեւէ զգուշացման, հանկարծ գմփոց եկավ, սալյուտ էր, ծեր պապիկս վեր թռավ, իրեն թվաց պատերազմ է սկսվել, բայց պարզվեց, որ ինչ-որ մեկի ծնունդն է եւ նա որոշել է բոլորին հայտնել այդ մասին»,- մեզ հետ զրույցում պատմեց Սոնան:

Բոլորի շենքերում էլ ծնունդներ, հարսանիքներ եւ այլ քեֆ-ուրախություններ լինում են, որոնք հաճախ ուղեկցվում են հրավառությամբ եւ այլն: Անշուշտ, սա խանգարում է քաղաքացիների անդորրը, հատկապես` ծերերի եւ փոքր երեխաների: Հրավառությունները եւ զանազան պայթուցիկ սարքեր օգտագործելը մտնում է աղմուկի մեջ,սակայն քաղաքացիները չեն բողոքում պատկան մարմիններին, որովհետեւ դրա համար համապատասխան մեխանիզմ չկա:

Օրինակ` եթե ռեստորանային երաժշտության դեպքում քաղաքացիները կարող են բողոքել մի շարք ատյաններ, Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային  տեսչության մասնագետները կարող են գալ եւ չափել` աղմուկը թույլատրելիի սահմանն անցել է, թե ոչ, իսկ Սննդի անվտանգության պետական ծառայությունն էլ կարող է տուգանել օրենքը խախտողին, ապա այս դեպքում քաղաքացու շենքում կարող է քեֆ-ուրախություն լինել մեկ այսօր, մեկ էլ 10 ամիս անց: Այդ դեպքում ի՞նչ պետք է անի քաղաքացին, ու՞մ բողոքի եւ ինչպե՞ս պետք է գան ստուգեն: Գուցե այստեղ խնդիրը հրագործական ապրանքների ազատ վաճառքի եւ հասանելիության մեջ է:

Ո՞վ է վերահսկում հրագործական ապրանքների ներմուծումը եւ առեւտուրը

«Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առեւտուր» գործունեության տեսակը պարզ ընթացակարգով ենթակա է լիցենզավորման ֆինանսների նախարարության կողմից: Ըստ որում` մեկ լիցենզիան տրվում է հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի համար, ուստի լիցենզավորված անձինք իրավունք ունեն զբաղվելու նաեւ հրագործական ապրանքների արտադրությամբ: Օգոստոսի 18-ի դրությամբ գործում է այդ գործունեության տեսակով լիցենզավորված 60 անձ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեցին Ֆինանսների նախարարությունից:

Նախարարությանը հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն վերապահված չէ: Փոխարենը` այդ մասին տեղեկություն է տրամադրում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ ՀՀ ոստիկանությանը: Հետեւաբար նշված պետական մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է հսկողություն նշված գործունեության տեսակով լիցենզավորված անձանց նկատմամբ: NEWS.am-ը դիմեց համապատասխան մարմինների` ճշտելու, թե ինչ տեսակի հսկողություն են նրանք իրականացնում:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան` հայտնեցին, որ իրենք վերահսկում են, որ լիցենզիա չունեցող անձինք հրագործական ապրանքներ չներմուծեն մեր երկիր: Ի դեպ, այդպիսի դեպքեր առայժմ չեն արձանագրվել:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով` սահմանվել են «Հրագործական արտադրատեսակները պահելու եւ դրանք  զանգվածային  միջոցառումների  ժամանակ օգտագործելու» կանոնները, որոնցով նախատեսված են մի  շարք  պահանջներ եւ սահմանափակումներ` կապված հրագործական ապրանքների օգտագործման հետ:

Հրագործական  ապրանքներն, ըստ նշանակության եւ օգտագործման պայմանների, բաժանվում են 2 խմբի: Առաջին խմբի մեջ մտնում են բնակչությանը ազատ վաճառվողները, որոնք ունեն կենցաղային  նշանակություն եւ դրանց հետ վարվելը չի պահանջում  հատուկ գիտելիքներ ու հմտություն, եւ ճշտությամբ կատարելով դրանց  փաթեթվածքների վրա գրված օգտագործման կարգը, ապահովում են մարդկանց  եւ շրջակա  միջավայրի անվտանգությունը: Իսկ երկրորդ խմբի մեջ մտնում են տեխնիկական եւ հատուկ նշանակության իրերը, որոնց  հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ եւ հմտություն, կատարողների համապատասխան  որակավորում եւ տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:

Նշենք, որ առանձին վիճակագրություն չկա, թե Հայաստան որքան տոննա հրագործական ապրանք է ներկրվել, դրանք, ըստ երեւույթին, ներկայացված են այլ իրերի հետ համատեղ: Օրինակ` այլ երկրներից Հայաստան պայթուցիկ պատրաստի նյութեր 2010թ առաջին վեց ամիսների ընթացքում ներկրվել է 288 տոննա, իսկ 2011թ 6 ամիսների ընթացքում` 426 տոննա: Իսկ քուղեր`  բիքվորդյան, ճայթեցնող, հրապատիճ, բռնկիչ, էլեկտրաճայթից, 2010թ 6 ամիսներին ներկրվել են 272 հազար հատ` 1000 հատի հաշվարկով, 2011թ նույն ժամանակահատվածում` 110 հազար:

Պատրաստեց`  Ինգա Մարտինյանը