Թերթի հարցերին պատասխանել է կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը.

ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե կոալիցիայի ներկայացրած ծավալուն փաստաթուղթը, որով հիմնավորում եք արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակավրեպ լինելը, լավագույն փաստարկն է, որ անհապաղ իշխանափոխությունը այլընտրանք չունի։ Ձեր մեկնաբանությունը։

Եթե պարոն Զուրաբյանն իրեն իրավունք է վերապահում նման ձեւով արտահայտվել, ես դրան, իհարկե, համաձայն չեմ։ ՀԱԿ-ի մատնանշած փաստերից յուրաքանչյուրի վերաբերյալ (մերկապարանոց մեղադրանքների մասին չեմ խոսում) իշխանությունը ներկայացրել է շատ հավասարակշռված, հիմնավոր մի փաստաթուղթ, որտեղ շարադրել ենք մեր մոտեցումները, մասնավորապես իշխանության «լեգիտիմության», ընտրությունների անցկացման հետ կապված հարցերի շուրջ, անդրադարձել վերջին տարիներին իրականացված դատաիրավական բարեփոխումների ամբողջ համակարգին։

Հավատացնում եմ` այնտեղ որեւէ մերկապարանոց բառակապակցություն կամ նախադասություն չկա` մեր բոլոր փաստարկները հիմնված են փաստերի վրա։ Մեծ հաշվով, կարող եմ ասել, որ բացարձակապես որեւէ հիմք չկա` պնդելու, թե 2007-2008թթ. ընտրություններում տեղի են ունեցել խախտումներ, որոնք կարող էին էականորեն ազդել արդյունքների, ընդհանրապես` իշխանության լեգիտիմության վրա։

Ի վերջո, կա նաեւ սահմանադրական դատարանի որոշումը` առ այն, որ ընտրությունների կեղծված լինելու մասին «լուրերը» չեն համապատասխանում իրականությանը։

Մեր ներկայացրած համալիր փաստաթուղթը հիմնված չէ միայն ՍԴ որոշման վրա, որը, իհարկե, ինքնին չափազանց կարեւոր է։ Միջազգային դիտորդները, դիտորդական կազմակերպությունները, այդ ոլորտում մոնիտորինգ իրականացնող տարբեր կառույցներ եւս դրական են գնահատել ընտրությունները` արձանագրել են, որ որոշակի թերություններով հանդերձ, ընտրական գործընթացը հիմնականում համապատասխանել է ժողովրդավարական չափանիշներին։ Այնպես որ, Զուրաբյանն այդ ամենը ներկայացնում է ՀԱԿ-ի դիտանկյունից եւ ակնհայտորեն խտացնում է գույները։

Կարեւորն այն է, որ երկխոսության շրջանակում տեղի ունեցած 6 հանդիպումներից հետո (միգուցե սա իմ սուբյեկտիվ տեսակետն է` գիտեք, որ ինքս ողջունել եւ ողջունում եմ երկխոսությունը ցանկացած քաղաքական ուժի, ոչ միայն ՀԱԿ-ի հետ), որքան հասկանում եմ, ՀԱԿ-ի ներկայացուցիչները բավական զգույշ են մոտենում երկխոսության ինստիտուտին. չեն ուզում, որ իշխանական պատվիրակության գեթ մեկ անդամ հանկարծակի հավասարակշռությունից դուրս գա ու ասի` երկխոսությունը անհեռանկար է։

Այսինքն` փայփայում են երկխոսության ինստիտուտի գոյությունը։ Միգուցե փորձում են փոքր կամ մեծ դիվիդենտներ քաղել դրանից, բայց երկխոսության ամբողջ ընթացքը, գոնե իմ կարծիքով, հիմք չի տալիս պարոն Զուրաբյանին դուրս գալ եւ ասել այն, ինչ երեկ է ասել։

Ինչքան էլ ՀԱԿ-ի «պատվիրակները» զգույշ մոտենան երկխոսության ինստիտուտին, Տեր-Պետրոսյանի սահմանած վերջնաժամկետը` մինչեւ սեպտեմբեր արտահերթ նախագահական ընտրությունների մասին որոշում կայացնելու վերջնագիրը չընդունելու դեպքում «ժողովրդին» փողոց հանելու սպառնալիքը, մնում է ուժի մեջ։

Բազմիցս ասել ենք` վերջնագրերը, վերջնաժամկետները, պահանջները, պահանջագրերը, որպես այդպիսին, մեզ համար ընդունելի չեն։ Ցանկացած պարագայում որեւէ մեկը չի կարող իշխանության հետ վերջնագրերի լեզվով խոսել։

Ավելին` ցանկացած ընդդիմադիր ուժ պետք է ուրախ լինի, որ իր երկրում գոյություն ունի իշխանություն, որը շատ համբերատար լսում է ընդդիմության տեսակետները եւ փորձում է հասկանալ` ինչն է վատ մեր երկրում, եւ ինչ պետք է անել իրավիճակը շտկելու համար։ Դրանից հետեւություն անել, թե իշխանությունն ինչ-որ տեղ խեղճացել է` առնվազն ծիծաղելի է։

Մարդկության պատմությունն էլ ցույց է տալիս, որ իշխանությունը կարող է վերանայել իր մոտեցումները ինչ-ինչ հարցերում, բայց երբեւիցե որեւէ մեկի մոտ մեղայականով չի ներկայանա։ Իշխանությունը հենց դրա համար էլ կոչվում է իշխանություն։