Չինաստանը զգալի վտանգ է ներկայացնում Գերմանիայի համար։ Այս մասին հայտարարել է Deutsche Bank-ի ղեկավար Քրիստիան Շյուինգը՝ հավելելով, որ Եվրոպային անհրաժեշտ են խոշոր բանկեր՝ ամերիկյան մրցակիցներին զսպելու համար, հայտնում է Reuters-ը։
Երկրի խոշորագույն վարկատուի գլխավոր տնօրենն ասել է, որ Գերմանիան «այլեւս չի կարող կանխել ռեցեսիան», քանի որ երկիրը չափազանց կախված է ռուսական էներգետիկ ռեսուրսներից:
Նրա խոսքով՝ Եվրոպան հասկացել է, թե որքան վտանգավոր է «չափազանց կախված լինել առանձին երկրներից կամ տարածաշրջաններից»։ Նա նշել է, որ Գերմանիան այժմ պետք է բախվի Չինաստանի հետ հարաբերություններում «անհարմար հարցի»՝ հաշվի առնելով նրա «աճող մեկուսացումն ու լարվածությունը»։ «Այդ կախվածության նվազեցումը կպահանջի ոչ պակաս հիմնարար փոփոխություններ, քան ռուսական էներգետիկ ոլորտից անջատումը»,- ասել է Շյուինգը:
Շյուինգը կրկին կոչ է արել հնարավոր տրանսսահմանային բանկային համախմբում Եվրոպայում։ «Բանկային գործում չափը կարեւոր է, եւ եթե մենք չենք ցանկանում խաղադաշտը հանձնել ամերիկացիներին, Եվրոպան պետք է ճիշտ պայմաններ ստեղծի մեծ բանկերի համար»,- ասել է նա: «Ամերիկյան բանկերի գերակայությունը բնության օրենք չէ»:
UniCredit-ի գործադիր տնօրեն Անդրեա Օրսելը, խոսելով տրանսսահմանային համախմբման մասին, ասել է, որ «չափից մեծ» ներքին համախմբումը լավ չէ, քանի որ այն չի ստեղծում «ֆինանսական ծառայությունների սանտեխնիկա»՝ տնտեսությանն աջակցելու համար: Նա համաձայնել է, որ եվրոպական բանկերին չի բավարարում մասշտաբը, եւ որ ի վերջո համախմբում տեղի կունենա:




























