Ֆրանսիան թերահավատորեն է վերաբերվում գազ չօգտագործող էլեկտրաէներգիա արտադրողների համար մեկ սահմանային եկամուտ մտցնելու ԵՄ առաջարկին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարարության աղբյուրը։

Ֆրանսիան, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանների պարկը, կարծում է, որ եկամտի սահմանափակումները պետք է հաշվի առնեն, թե ինչպես է արտադրվում էլեկտրաէներգիան եւ համապատասխանաբար տարբերակեն դրանք, ասել է աղբյուրը:

«Մեզ կասկածներ է հարուցում այն փաստը, որ էլեկտրաէներգիայի արտադրության բոլոր մեթոդների եւ ԵՄ բոլոր երկրների համար գոյություն ունի եկամտի վերին մեկ շեմ»,- ասել է աղբյուրը: Եվրահանձնաժողովն այս շաբաթ առաջարկել է մեկ մեգավատտ/ժամի համար 200 եվրո եկամտի սահմանափակում մտցնել այն արտադրողների համար, որոնց էլեկտրաէներգիայի արտադրությունը հիմնված չէ գազի վառելիքի վրա:

Ֆրանսիական աղբյուրը նաեւ նշել է, որ Փարիզը աջակցում է խողովակաշարերով Եվրոպա մուտք գործող ռուսական գազի գինը սահմանափակելու ԵՄ ծրագրին, մինչդեռ կարծում է, որ վերին այդպիսի սահմանաչափը չպետք է կիրառվի հեղուկ բնական գազի (ՀԲԳ) նկատմամբ։ «ՀԲԳ փոխադրող նավերը կարող են ընտրել, թե որ նավահանգիստները պետք է այցելեն»,- ասել է աղբյուրը:

«Եթե մենք սահմանափակենք ՀԲԳ-ի գները, իսկ մյուս երկրները, ինչպիսիք են Ճապոնիան եւ Հարավային Կորեան, չսահմանափակեն, ՀԲԳ-ն պարզապես կգնա նրանց, ոչ թե մեզ»,- հավելել է աղբյուրը՝ ասելով, որ փոխարենը Ֆրանսիան ընտրել է ԵՄ-ի միասնական հարթակը հեղուկ բնական գազի գնման համար, որպեսզի բարելավի առաջարկը եւ վերահսկողության տակ պահի գները: