Գերմանիան պատրաստ է նվազագույն կորպորատիվ հարկ սահմանել, եթե ԵՄ-ն համաձայնության չգա, հաղորդում է Reuters-ը։

Հունգարիան առարկել է, որպեսզի հետաձգի ԵՄ-ի կողմից նվազագույն 15 տոկոս կորպորատիվ հարկի ընդունումը։ 

Գերմանիան եւ Ֆրանսիան առաջատար դիրք են գրավել ԵՄ-ում՝ նվազագույն հարկ սահմանելու հարցում։ «Մենք վճռականորեն աջակցում ենք եվրոպական մոտեցմանը։ Մենք փորձում ենք համոզել բոլոր անդամ երկրներին, հատկապես նրանցից մեկին»,-ֆրանսիացի գործընկեր Բրունո Լը Մերի հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիսթիան Լինդները։

«Մենք որոշում ենք կայացրել՝ ներդնել նվազագույն կորպորատիվ հարկում Գերմանիայում, եթե Եվրոպայում դա չհամաձայնեցվի, եւ կարծում եմ, որ մյուսները բաց կլինեն նմանատիպ մոտեցման համար»,-ասել է նա։

Ֆրանսիան ասել է, որ ԵՄ երկրները ճանապարհ կգտնեն՝ ընդունելու կորպորատիվ հարկի նվազագույն դրույքաչափի ծրագիրը։

Հունգարիան ասում է, որ ծրագրի հաստատումը կարող է վնասել եվրոպական տնտեսությանը, որը տուժում է աճող ինֆլյացիայից եւ էներգետիկ ճգնաժամից։