«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայտնի է, որ Վրաստանը քաղկեդոնական շրջանի 10 հայկական վանքերի յուրացման փորձեր է ձեռնարկում: Վրաց պաշտոնյաները, եկեղեցապետերն ու մամուլը պարբերաբար անդրադառնում են այդ հարցին` վանքերի բարձիթողի վիճակը դարձնելով հիմնական խաղաքարտ: Հստակ գիտակցելով դա` ոչ Հայ Առաքելական եկեղեցին, ոչ էլ մշակույթի նախարարությունը սրբատեղիների փրկությանն ուղղված որեւէ քայլ չեն ձեռնարկում` ապացուցելու համար վրացիներին, որ հայ ժողովուրդը տեր է քաղկեդոնական շրջանի իր պատմությանը: Դրա փոխարեն Գարեգին Բ-ն եւ աշխարհիկ իշխանությունները նախընտրում են «բրախել» մեր պատմությունը բախտի քմահաճույքին` երկար լեզու դնելով հարեւանների բերանը:

Հայկական քաղկեդոնական ճարտարապետության գլուխգործոց համարվող Կիրանցի վանքը (13-րդ դար) մեկն է վիճարկվող 10 սրբատեղիներից, որոնք, չնայած բացառիկ նշանակության, այսօր զուրկ են որեւէ հոգատարությունից:

Հատկանշական է, որ հայկական քաղքեդոնական եկեղեցիներն ու վանքերը խորհրդային ժամանակներում երբեք դուրս չեն մնացել Մշակութային ժառանգության պահպանման վարչության տեսադաշտից: Ցավոք, անկախ Հայաստանում դրանք որեւէ մեկին պետք չեն: Հայ ժողովուրդը ավելի շատ սիրում է թափահարել օդում բռունցքներով Թուրքիայում կործանվող հայկական պատմական ժառանգության կործանման համար: Ինչ խոսք, դա կարեւոր գործ է, բայց երբ այդ նույն ժառանգությունը անտերությունից կործանվում է քո երկրի տարածքում, բռունցքներն անիմաստ ու ծիծաղելի են դառնում»:

«Չենք լռելու»-ն սթափության կոչ է անում Մայր Աթոռին ու Հայաստանի իշխանություններին, ինչպես նաեւ խնդրում է բարերարներին միավորվել հայ ժողովրդի անցյալի փրկության հարցում:

Նախաձեռնությունը նաեւ քաղկեդոնական շրջանի հայկական եկեղեցիների պատմական ակնարկ է կցել հաղորդագրությանը.

«Արեւելյան ժողովուրդների շրջանում բյուզանդական կայսրության քաղաքականության ազդեցության տարածման եւ ամրապնդման համար 451թ. Կոստանդնուպոլսի արվարձան Քաղկեդոնում գումարվում է տիեզերաժողով, որին Հայաստանի հոգեւոր դասի որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում: Ժողովում ընդունվում է Հիսուս Քրիստոսի երկու բնույթի մասին դավանաբանական ուսմունքը (երկբնակներ): Չնայած նրան, որ հայերը Քրիստոսի միաբնակության դավանանքի հետեւորդն էին, սակայն Բյուզանդիայի վարած պայքարը տալիս է սպասված արդյունքը: 607թ. վրացիները, մերժելով հայ միաբնակ եկեղեցու վարդապետությունը, ընդունում են քաղկեդոնականություն, եւ ապա 630թ. Ամենայն Հայոց Եզր Կաթողիկոսի գլխավորությամբ՝ նույնն անում են նաեւ հայերը: Եզր Ա Փառաժնակերտցի (630-641) Կաթողիկոսից մինչեւ Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գահակալության սկիզբը 85 տարի շարունակ քաղկեդոնականությունը երկրում տիրապետող դավանանքն էր: Իրավահաջորդ հայ-քաղկեդոնական հովվապետերի գահակալության ընթացքում Հայաստանում կառուցվում են հայ-քաղկեդոնական գաղափարաբանության դրոշմը կրող ճարտարապետական գոհարներ, որոնք դարեր անց ընդհանրացվելով՝ արժեւորվել եւ բնութագրվել են որպես հայ ճարտարապետության ոսկեդարյան հուշարձաններ: 726թ. Օձնեցին Մանազկերտում գումարում է եկեղեցական ժողով եւ մերժում քաղկեդոնականության ուսմունքը: Սակայն նախքան Կաթողիկոսության մակարդակով քաղկեդոնականության ընդունումը՝ բյուզանդածես եկեղեցու ազդեցությունը կրող առանձին գավառներն ու համայնքները ոչ միայն չէին վայելում միաբնակ դավանաբանական ուսմունքի մեջ դեռեւս անսասան մնացած Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությունը, այլեւ անտեսված ու մերժված էին: Հարակից Վրաստանն անմիջապես իր հովանավորությունն է առաջարկում դավանաբանական անջրպետով միաբնակ ազգականներից մեկուսացած հայերին: Այդ պատճառով մինչեւ քաղկեդոնականության` Կաթողիկոսության մակարդակով ընդունումը, այդ շրջաններում գրավոր պաշտոնական լեզուն վրացերենն է եղել: Եվ արձանագրություններն էլ կառույցների, եկեղեցիների որմերին վրացերենով է եղել:

Այժմ վրացական կողմի պահանջների գլխավոր հիմնավորումն այն է, որ 10-13-րդ դդ. եկեղեցիների գրառումների մեծ մասը վրացերենով է: Ընդ որում, մոռացության է մատնվում այն հանգամանը, որ այդ շրջանում հայ-քաղքեդոնականների պաշտոնական լեզուն վրացերենն էր։ Այդպես որ, այդ գրառումները չեն կարող սրբավայրերը Վրացական եկեղեցուն վերադարձնելու մասին վրացական կողմի պահանջների հիմնավորում ու առիթ հանդիսանալ»: