Հայաստանի վրա հարձակումներն իրենցից վտանգավոր էսկալացիա են ներկայացնում, գրում է Սեթ Ֆրանցմանը Jerusalem Post-ի համար հոդվածում։

«Հայաստանը վերջին ժամանակներս համաշխարհային հարցերում թեքվում է դեպի Ռուսաստան, այն դեպքում երբ Ադրբեջանը բարեկամական է տրամադրված Իսրայելի հանդեպ։ Ադրբեջանն ու Թուրքիան հիմնական դաշնակիցներ են։ Սա նշանակում է, որ Կովկասում հակամարտությունը փոքր հակամարտություն չէ, այլ կապված է Սիրիայում Թուրքիայի դերակատարության եւ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ։

Նրանք, ովքեր տառապում են հրետակոծություններից, այս տարածաշրջանային խնդիրների զոհեր են, զոհեր ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ այլ պետությունների միջեւ ավելի լայն համատեքստի եւ ուժային քաղաքականության, որոնցից կախված է, թե կդադարեն արդյոք ռազմական գործողությունները:

Հայաստանի վրա հարձակումը տեղի ունեցավ այս շաբաթ Ուզբեկստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նիստից առաջ: Հայաստանն ու Ադրբեջանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկերներն են, որտեղ գերակշռում են Ռուսաստանը, Չինաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները։ Սակայն այս տարի մասնակցում են նաեւ Իրանն ու Թուրքիան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հասնել վերջին ռազմական գործողությունների դադարեցման՝ դիմելով Ֆրանսիային, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին։ Նա խոսել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ»։

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին հաղորդագրություններից, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին հաղորդագրություններից», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: «Ինչպես մենք վաղուց հասկացրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»:

Սակայն Ադրբեջանը կարծես ոգեւորված է Թուրքիայի աջակցությունից։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց նաեւ բարեկամական է տրամադրված Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ։

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին եւ հավանաբար նրան մղել է հարձակման։ Անկարայի պետական լրատվամիջոցները հայտարարություններ են տարածել հակամարտության մասին՝ պնդելով, որ դա տեղի է ունեցել «հայկական սադրանքների» պատճառով: Անհասկանալի է, թե ինչի հասնելու հույս ունի այստեղ Անկարան։

Մի կողմից, Անկարան կարող է դա օգտագործել որպես սակարկության միջոց այս շաբաթ Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպման ժամանակ: Տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի ներսում «բուֆերային» կամ «անվտանգության գոտի» ստեղծել, կարծես թե կապված են Սիրիայի տարածքներ ներխուժելու եւ նմանատիպ «անվտանգության գոտի» ստեղծելու Անկարայի պահանջների հետ։ Թուրքիան 2018 եւ 2019 թվականների գործողություններից հետո Աֆրինի եւ Սերեկանիեի էթնիկ զտումներ է իրականացրել՝ այս «գոտու» մասեր ստեղծելու նպատակով։

Կովկասում հակամարտություն սկսելու Անկարայի ձգտման մեկ այլ ասպեկտ կարող է լինել ԱՄՆ-ի ներգրավումը տարածաշրջանում։ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային ռուսական ներխուժման դեմ։ Թուրքիայի եւ Անկարայի կողմնակիցները հակված են Հայաստանը Ռուսաստանին եւ Իրանին ավելի մոտ ներկայացնել:

Այսպիսով, համատեքստը ճգնաժամի ստեղծումն է, որտեղ Հայաստանը կարող է ներկայացվել որպես Ռուսաստանի հետ դաշինքի համակարգի մաս: Սա կարող է Անկարային առիթ տալ ներկայանալու որպես ՆԱՏՕ-ի անդամ, որն աջակցում է Բաքվում իր դաշնակիցներին: Փոխզիջումն այստեղ առաջանում է, երբ Ուկրաինան սկսում է հաջող հակահարձակում, իսկ Մոսկվան ձեռք է բերում իրանական անօդաչու սարքեր: Թուլացած Մոսկվան չի կարող աջակցել Հայաստանին, եւ նրան կառաջարկվի ստիպել Հայաստանին գնալ զիջումների՝ Մոսկվայի եւ Ստամբուլի միջեւ նոր գործարքների դիմաց։

Ընդհանրապես, Մոսկվան նախկինում իրեն այսպես պահել է՝ ցանկանալով թուլացնել Հայաստանը եւ մեկուսացնել Երեւանը՝ Անկարայից այլ բաներ ստանալու համար։ Հայաստանը հրադադարի համար ցանկանում է աջակցություն Վաշինգտոնից եւ Փարիզից, սակայն նրան վնասում է այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեմ է Հայաստանին: Մոսկվայից մեկուսացած եւ կախվածության մեջ գտնվող Հայաստանը բարդ իրավիճակում է՝ հավանաբար վճարելով Ուկրաինայի վրա աշխարհի կենտրոնացման գինը, քանի որ նրա հակառակորդներն օգտագործում են հակամարտությունը Հայաստանից ավելի շատ հողեր խլելու համար:

Մի աշխարհում, որտեղ երկրները կարծում են, որ ԱՄՆ-ի գլխավորած աշխարհակարգը փլուզվում է, այսպիսի պատերազմներ եւ հակամարտություններ ավելի շատ կլինեն, քանի որ երկրները փորձում են վերագծել սահմանները, որոնք որոշվել են 50 կամ 100 տարի առաջ: Սիրիայում Անկարայի պատերազմը օրինակներից մեկն է: Անկարան սրում է հակամարտությունը Հայաստանի հետ։ Մեկ այլ օրինակ է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի հետ։

Այստեղ կա մի անկյուն, որը նույնպես կապ ունի Իսրայելի հետ։ Իսրայելը սերտ եւ դրական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ. Ադրբեջանը Իսրայելից անօդաչու սարքեր է գնել։ Սակայն հայ-իսրայելական հարաբերությունները գտնվում են «ամերիկյան բլուրների» վրա, որոնք փչացել են 2020-ի մարտական գործողություններից։ Սա պատմության ողբերգական կողմն է, քանի որ թեեւ եւ՛ հայերը, եւ՛ հրեաները ցեղասպանության զոհ են, ժամանակակից քաղաքականությունը նշանակում է, որ երկու ազգային պետությունների միջեւ հարաբերությունները ամուր չեն: Այս պահին»։