Նախորդ ուսումնական տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանին ենթակա դպրոցներում հայտնաբերված խախտումների հիման վրա 4 դպրոցի տնօրեն ազատվել է աշխատանքից, 9-ին`  հայտարարվել է խիստ նկատողություն:

Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կրապետյանը մասնակցել են Երեւանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների եւ տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձել է  կրթական բարեփոխումների ընթացքին, եւ դիմելով դպրոցների տնօրեններին, նշել. «Կառավարության կողմից հաստատվել է հանկրթության պետական չափորոշիչը, որը բովանդակային առումով կրթության ոլորտի «մայր» փաստաթուղթն է, որից ածանցվում են առարկայական ծրագրերը, ուսումնական պլաններն ու դասագրքերը:

Ես հորդորում եմ ձեզ, ուսումնական գործընթացը կազմակեր պել նոր չափորոշիչներին համապատասխան: Ի՞նչ պետք է իմանա հանրակրթական դպրոցն ավարտող աշակերտը: Այս հարցի նվազագույն պահանջները հստակ շեշտված են հանկրթության պետական չափորոշիչում, ինչը պետք է համատեղ ջանքերով կյանքի կոչենք»:

Երեւանի քաղաքապետն իր ելույթում, առաջնային է համարել տնօրենների ընտրությունները, նշելով, որ քաղաքապետարանը կազմակերպչական առումով ամեն ինչ կանի, որպեսզի մասնակցների համար սահամանափակումներ չլինեն: Նա նշել է նաեւ, որ քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին կտրամադրվեն գրենական պիտույքներ եւ անհրաժեշտ այլ պարագաներ:

Նախարար Արմեն Աշոտյանը նույն օրը մասնակցել է հանրապետության ավագ դպրոցների խորհրդակցությանը, որով ամփոփվել են դպրոցների ուսուցիչների եւ տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունները: Իր ողջույնի խոսքում նախարարը նշել է, որ հանրապետությունում ավարտվել է ավագ դպրոցների ձեւավորման գործընթացը: «Այս տարի առաջին անգամ ունենալու ենք   տասերկուերորդ դասարան:

Ձեզանից հատուկ եւ հետեւողական ուշադրություն է պահանջվում` 12-րդ դասարանի ուսումնառությունը պատշաճ եւ արդյունավետ կազմակերպելու  համար»,- դիմելով ավագ դպրոցների տնօրեններին նշել է նախարարը եւ հավելել.«Դպրոցները պետք է դառնան առավել ազատ եւ պատասխանատու: Ավանդաբար բուհական համակարգին բնորոշ ակադեմիական ազատությունն այսօր թույլատրելի է նաեւ դպրոցներին: Այն հաստատությունները, որոնք կկարողանան արդյունավետ օգտվել այդ ազատություններից, վստահ եմ, կներմուծեն կրթական նոր մշակույթ»: