Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 30-ին այցելել է սահմանային զորամասերից մեկը, որը ձեւավորվել է Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին: Այս տարի այցը համընկել է գնդի հերթական տարեդարձի հետ:
Նախարարը առանձնակի շեշտել է, որ այստեղ ծառայող զինվորները եւ սպաները պետք է հպարտություն զգան: Նա հիշեցրել է, որ այս զորամասը ձեւավորվել է կամավորական ջոկատների հիման վրա, որոնք Արցախյան պատերազմի տարիներին պաշտպանում էին հայրենիքի հյուսիս-արեւելյան սահմանները:
«Ձեր զորամասը փառավոր ուղի է անցել»,-ընդգծել է նախարարը` հավելելով, որ այստեղ ծառայող շատ զինվորներ եւ սպաներ ցուցաբերել են բարձր բարոյական ոգի: Իր հիմնադրման պահից այդ զորամասը օրենակելի է դարձել ոչ միայն ռազմական առումով, այլ նաեւ սոցիալ-կենցաղային մակարդակով: «Սահմանային ծառայությունը ապահովում է ամբողջ ժողովրդի անվտանգությունը»,-հավելել է նախարարը:
Նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում այդ ուղղությամբ «հակառակորդը բազմիցս փորձեր է ձեռնարկել` ուղղված դիվերսիոն-հետախուզական գործունեությանը, սակայն այդ բոլոր փորձերը արժանի պատասխան են ստացել, որով եւ ապահովված է սահմանային կետերի բնակչության անվտանգությունը»:
Օհանյանի խոսքով, վերջին ժամանակներում մեծաքանակ ինժեներական աշխատանքներ են տարվել, կառուցվել են նոր ճանապարհներ եւ դիտակետեր: Նախարարը հիշեցրել է, որ այս տարի երկիրը տոնում է անկախության 20-ամյակը, իսկ առաջիկա տարվա սկզբին` բանակի կազմավորման 20-ամյակը: Նրա խոսքով, ամենամեծ ձեռքբերումը այն է, որ ռազմական գործողությունների հետ զուգահեռ Հայաստանին հաջողվել է ժողովրդի միացյալ ջանքերով ստեղծել մշտական բանակ:
«Մեր բանակի ամենամեծ ձեռքբերումը դա հաղթանակն է: Ոչ պակաս գործոն է հանդիսանում զինծառայողների անձնական քաջությունը: Բայց ամենակարեւորը դա սպաների եւ զինվորների անձնական հարաբերություններն են: Սպաների անձնական օրինակը հայրենասիրության եւ ռազմական ոգու երաշխիքն է»,-նշել է Օհանյանը` հիշեցնելով, որ բանակում անցկացվում են բարեփոխումներ, որոնց շրջանակում միջոցներ են ձեռնարկվել կարգապահության բարձրացման համար:
Նա նշել է, որ Հայաստանի զինված ուժերը իրականացնում են երկու կարեւոր խնդիրներ, զարգացնում են անվտանգության ազգային երաշխիքները բանակի մարտունակության բարձրացման տեսքով եւ հակառակորդների դեմ որակական գերազանցության ձեռքբերմամբ, իսկ երկրորդ էլեմենտը` միջազգային անվտանգության երաշխիքների զարգացումն է:
«Հայաստանը փորձում է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության մեջ»,-նշել է նախարարը` հավելելով, որ հայ խաղաղապահները իրենց առաքելությունն են իրականացնում Կոսովոյում եւ Աֆղանստանում, իսկ ավելի վաղ` Իրաքում:
Նախարարի ելույթից հետո տեղի է ունեցել զինծառայողների պարգեւատրման արարողությունը, իսկ հետո` ձեռնամարտի ցուցադրական ներկայացումը:




























