Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է առաջընթացի փուլում։ Այս մասին, իտալական Ակվիլայում, Մեծ ութնյակի գագաթնաժողովի արդյունքների ամփոփման մամլո ասուլիսի ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
Ռուսաստանի նախագահը ասել է, որ հիմնարար սկզբունքների քանակը, որոնց շուրջ կողմերը դեռ պիտի բանակցեն՝ գնալով քչանում է։ Դմիտրի Մեդվեդեւը վստահ է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը չի ձգվի տասնամյակներ։ «Կարծում եմ, որ այս հարցում կարելի է արդյունքի հասնել»,-նշել է նա։
Ռուսաստանի նախագահի կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները լավ լսում ու հասկանում են միմյանց։ Կարեւորն այն է, ասել է նա, որ կողմերը պահպանեն խնդրի խաղաղ կարգավորման ձգտումը, եւ հավելել է, թե Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին։
Դմիտրի Մեդվեդեւը իր գոհունակությունն է հայտնել գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ԱՄՆ-ի Ռուսսաստանի, Ֆրանսիայի) նախագահների հայտարարության ընդունման վերաբերյալ։
«Մենք համապատասխան հայտարարություն ենք ընդունել եւ կողմերին հորդորում ենք լրացուցիչ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար»։ Ռուսաստանի նախագահը ցանկացել է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հիմնախնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու համար։



























