Հայաստանի դպրոցներում 1-4-րդ դասարանների դասագրքերը տրվելու են անվճար, բացի երգեցողության եւ օտար լեզվի դասագրքերից:
Իսկ 5-12-րդ դասարաններում դասագրքերը տրվելու են մատչելի գներով, որոնք ներկայացված են ԿԳ նախարարության կայքում: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է դպրոցներում տարածված աշխատանքային տետրերին, որոնց մասին տարիներ շարունակ ահազանգում են ծնողները եւ հայտնում, որ դրանք թանկ են եւ դպրոցներում ստիպում են գնել, Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ աշխատանքային տետրերը, նույնիսկ որոնք երաշխավորված են նախարարության կողմից, պարտադիր չեն եւ ծնողները կարող են դրանք չգնել:
«Պարտադիր են բոլոր այն դասագրքերը, որոնց վարձավճարների չափերը կան, տեղադրված են կայքում, մնացած աշխատանքային տետրերը պարզապես կարող են ցանկալի լինել տվյալ դասարանում, որոշումը պետք է կայացվի միասնական, անպայման ծնողի համաձայնությամբ»,- նշեց Նարինե Հովհաննիսյանը:
Բանախոսի կարծիքով` դպրոցներում դրամահավաքությունների նկատմամբ ուժեղ վերահսկողություն կա, դրամահավաքությունը արգելված է, բայց «եթե ծնողը ցանկանում է աջակցել իր դպրոցին, ապա դա չի արգելվում»: «Երեխան ընդհանրապես գումար դպրոց չի կարող տանել, արգելված է դա, նա չի կարող դա տալ ուսուցչին, եթե այդպիսի բան լինի, մենք կպատժենք»,- ասաց հանրակրթության վարչության պետը:
Անդրադառնալով դասագրքերի բովանդակությանը` մասնավորապես հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի բողոքին, ՄԻՊ-ի բացահայտումներին, ապա Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ մրցույթի արդյունքները հայտնի են, հանձնաժողովներն են ընտրել դասագրքերը, իսկ դրանց կազմմանը մասնակցել են բազմաթիվ մանկավարժներ եւ այլք:
Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել` մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրելով կրթության եւ գիտության նախարարությանը: «Գիտության եւ կրթության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել եւ հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջեւ»,- ասված էր հայտարարությունում: Դրան հաջորդել էին բազմաթիվ հայտարարություններ, «պատերազմող» կողմերը պարզաբանումներ են ներկայացրել եւ կոշտ հակադարձել միմյանց:



























