Ցորենի համաշխարհային գները թռել են մոտ 5 տոկոսով։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է ավելի քան 4,8 տոկոսով, վկայում են Չիկագոյի ապրանքային բորսայի տվյալները:
Ցորենը թանկացել է մինչեւ 9,1925 դոլար մեկ բուշելի դիմաց, ինչը ամսվա սկզբից ամենամեծ աճն է: Ընդհանուր առմամբ, այս տարի գներն աճել են 19 տոկոսով։ Ավելի քան 1 տոկոսով թանկացել են նաեւ եգիպտացորենն ու սոյան։
Գներն աճում են Սեւ ծովով Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների հետ կապված մտահոգությունների ֆոնին, վկայում է Bloomberg-ը։ Ինչպես նշել է գործակալությունը, հակամարտության սրումը հարցականի տակ է դնում, թե կհամաձայնեն արդյոք երկու կողմերը երկարաձգել Ուկրաինայից հացահատիկի արտահանման համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է մոտ մեկ ամսից։ Արտերկրում դրա վաճառքի ցանկացած դանդաղում կհանգեցնի հիմնական սննդամթերքի գների բարձրացմանն ամբողջ աշխարհում, ընդգծում է Bloomberg-ը։





























