Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանի` աշխատանքից ազատվելու դիմումը կապ չունի «երիտասարդ տիեզերագնաց» Արթուր Պողոսյանի միջադեպի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արդեն նախկին փոխնախարար Ստեփան Պողոսյանն այդ լուրերը որակեց «ծիծաղելի»: Նրա վստահեցմամբ` իր հրաժարականի պատճառը կապ չունի նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ունեցած որեւէ կոնֆլիկտի հետ: Նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, քանի որ ցանկանում է զբաղվել գիտությամբ: Իսկ թե ինչու հենց հիմա նա որոշեց զբաղվել գիտությամբ, նախկին փոխնախարարը նշեց, որ մի շարք գիտական նախագծեր կան, որոնք արդեն հասունացել են:
«Այդ երեք տարվա մեջ նախարարությունն արդեն կայացել է, մենք սկսել ենք զրոյից, այժմ արդեն գործընկեր կառույցներ ունենք եւ մեր համագործակցությունը նոր որակ է ստացել»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե զարմանալի է, որ մեր օրերում մարդը հրաժարվում է փոխնախարարի պաշտոնից, նա արձագանքեց. «Նրանք պետական չինովնիկ են, ուրիշ բանով չեն կարող զբաղվել: Երեւի նրանց համար պաշտոնը մեծ արժեք է, ուրիշ արժեքներ չունեն, իմ մոտ հակառակն է («նրանք» ասելով նկատի ունի այլոց, ովքեր չէին հրաժարվի փոխնախարարի պաշտոնից-NEWS.am)»,- նշեց նախկին փոխնախարարը:
Բայց սեպտեմբերից Ստեփան Պետրոսյանը աշխատելու է սփյուռքի նախարարի խորհրդական: Հարցին, թե նոր պաշտոնը չի՞ խանգարի նրան զբաղվել գիտությամբ, պատասխանեց. «Դա հայեցողական պաշտոն է, ավելի ազատ է, եւ ավելի քիչ ժամանակ է խլում: Ես կկարողանամ ավելի շատ կենտրոնանալ գիտական աշխատանքների եւ գիտական արտադրության վրա: Գիտնականը ինչ-որ մի պահի պետք է մտածի իր գիտական արդյունքների ներդրման մասին»,- ասաց Ս. Պողոսյանը: Նրա` խորհրդական դառնալու որոշումը, կայացրել են երկուսով` Հրանուշ Հակոբյանն ու Ստեփան Պետրոսյանը` շեշտը դնելով, որ գործը չտուժի: «Ես այդ երեք տարվա մեջ այնքան փորձ եմ կուտակել, համայնքները գիտեմ, սփյուռքը գիտեմ, շատ ծրագրեր կան իմ հետ կապված, այդպես միանգամից կտրել հնարավոր չէ, ինձ սփյուռքյան համայնքները գիտեն, պետք է շարունակեմ խորհրդականի կարգավիճակով օգնել»,- նշեց նա:
Իսկ թե քանի տարի է նա իրեն տեսնում նախարարի խորհրդականի պաշտոնում, նա նշեց, որ «կյանքը ցույց կտա», իսկ հետո ավելացրեց. «Ինչքան տիկին Հակոբյանը նախարար լինի», քանի որ որեւէ այլ նախարարի հետ չի աշխատի:
Նշենք, որ օգոստոսի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ստեփան Պետրոսյանն ազատվել է սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն:



























