Ադրբեջանի անկախության 20-ամյակի կապակցությամբ բազմաթիվ շքերթային արտահայտություններ են արվում, թե ամեն ինչ որքան լավ ու հրաշալի է, ինչի է հաջողվել հասնել, սակայն պետք է նայել ճշմարտության աչքերին. այս 20 տարիները շատ ծանր էին Ադրբեջանի պատմության մեջ: Այս մասին «Գոլոս Ռոսիի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Իգոր Շիշկինը:
Նրա կարծիքով, ԽՍՀՄ-ից անկախանալուց ի վեր Ադրբեջանը ներքաշվել է արյունալի կոնֆլիկտների մեջ: «Ադրբեջանի բնակչությունը շուրջ 9 մլն է, որից, տարբեր հաշվարկներով, 2-3 միլիոնը ստիպված են եղել լքել երկիրը եւ համալրել Ռուսաստանում գաստարբայթերների շարքերը: Մենք բոլորս գիտենք, թե նրանք ինչ վիճակում են գտնվում»,- ասել է քաղաքագետը:
Շաշկինը նաեւ կարծիք է հայտնել, որ վերջին 10-ամյակում Ադրբեջանն, իսկապես, ՀՆԱ աճի լավ ցուցանիշներ ունի, ինչը կապված է էներգակիրների գների աճի հետ: «Սակայն կենսամակարդակն Ադրբեջանում ավելի ցածր է, քան անգամ Հայաստանում, որը չունի նման ռեսուրսներ: Ուստի պետք է խոստովանել, որ Ադրբեջանի 20-ամյակն այնքան էլ ուրախալի տարեդարձ չէ»,- ընդգծել է Շաշկինը:
Հարցին, թե ինչպես են զարգանում Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները, քաղաքագետը պատասխանել է, որ երկկողմ հարաբերություններում կան շատ խնդիրներ, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե չի մասնակցելու ԱՊՀ գագաթաժողովին: «Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ծայրահեղ դժգոհ է ԼՂ կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումից: Պետք է խոստովանել, որ Բաքուն հարցն այսպես է դնում. «Դուք սկուտեղի վրա մեզ մատուցեք Լեռնային Ղարաբաղը, իսկ մենք գուցե կդառնանք ձեր լավագույն ընկերը»:
Շիշկինը նաեւ նշել է, որ Ադրբեջանի քաղաքականությունը բազմավեկտորության վատագույն տարբերակն է` Արեւմուտք, ՎՈՒԱՄ, միաժամանակ ԱՊՀ: Այդ երկիրը փորձում է իր խնդիրները լուծել այս կամ այն արտաքին ուժի օգնությամբ: «Սա լրացուցիչ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը, որպես անկախ պետություն, դեռ կայացած չէ: Այդ երկիրը կարող է գոյություն ունենալ միայն Ռուսաստանի, Թուրքիայի կամ Արեւմուտքի կողմից արտաքին աջակցության հաշվին»,- ընդգծել է նա:



























