Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը խոստովանում է, որ իր համար տհաճ է երկխոսել Հայ ազգային կոնգրեսի հետ, եւ այդ է պատճառը, որ ինքն ընդդիմության հետ բանակցող կոալիցիայի աշխատանքային  խմբում չի ընդգրկվել։ Նման հայտարարությամբ իշխանության ներկայացուցիչը հանդես եկավ օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամաուլի ասուլիսի ժամանակ։

«ՀԱԿ-ի հետ երկխոսության նստելը ինձ համար տհաճ է։ Ինձ համար տհաճ կլիներ, որ մեր կողմից ներկայացված աշխատանքային խմբի մի անդամն էլ ես լինեի։ Ժողովուրդը մի խոսք ունի՝ ես այդ մարդկանց դաբախանից գիտեմ։ Եթե ես մասնակցեի երկխոսությանը, ապա այն կամ այլ ուղղվածության կլիներ կամ մի քանի ժամվա մեջ կընդհատվեր։ Դրա համար էլ երկխոսելու չեմ գնացել»,- նկատեց Գալուստ Սահակյանը։

Հարցին՝ առաջարկե՞լ են իրեն ընդգրկվել կոալիցիոն աշխատանքային խմբում, ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Կազմն առաջարկողներից մեկն էլ ես եմ եղել, այնպես որ ինձ առաջարկել-չառաջարկելու խնդիր չունեի»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ն առկախում է բանակցություններին իր մասնակցությունը եւ կվերադառնա երկխոսությանը միայն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո, ում Կոնգրեսը համարում է քաղբանտարկյալ: