Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 1-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել դպրոցականներին:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի’ դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ:
Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի եւ ուսուցչի հանդեպ: Գիտելիքի եւ կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարեւորագույն գրավականը:
Այսօր գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն ու մարդկային առաջընթացի ամենակարեւոր նախապայմաններն են: Պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է: Մենք բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունենք մասնակցելու հայրենասեր, բանիմաց ու կիրթ հասարակության կայացմանը:
Սիրելի’ դպրոցականներ, այս հանդիսավոր օրը ողջունելով բոլորիդ, լիահույս եմ, որ ուսման մեջ ունեցած ձեռքբերումներով ու հաջողություններով դուք կկառուցեք մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան:
Սիրելի’ մանկավարժներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ եւ շնորհակալություն հայտնում` Հայաստանի վաղվա քաղաքացուն դաստիարակելու պատասխանատու առաքելությունը պատվով կատարելու համար»:




























