Վարչապետի աշխատակազմը չի հստակեցնում՝Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձին նվիրված «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը կայանալո՞ւ է, թե՞ ոչ։
Կառավարությունը սահմանային լարվածությամբ պայմանավորված, անորոշ ժամկետով հետաձգել էր անկախության 31-ամյակին նվիրված «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության անցկացումը, որը նախատեսված էր սեպտեմբերի 21-ին։
Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնից դեռ սեպտեմբերի 28-ին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ մրցանակաբաշխության անցկացման նոր օր նախատեսված չէ։
Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին, թե Կառավարությունը որքա՞ն գումար էր հատկացրել մրցանակաբաշխության անցկացման համար։
Հարցին, թե որքա՞ն գումարն էր արդեն ծախսվել մինչեւ մրցանակաբաշխության հետաձգումը եւ մնացած գումարն ի՞նչ է արվելու, Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնից պատասխանել էին, որ ընթանում են կատարված աշխատանքների հանձնման-ընդունման աշխատանքներ, կատարված ծախսերի ամբողջական ծավալը եւ դրա գումարային արտահայտությունը դեռեւս ամբողջացված չէ։
Արդյո՞ք Կառավարությունը չեղարկել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության անցկացումը, եւ կատարված ծախսերի գումարը որքա՞ն է կազմել, կամ ե՞րբ է ամբողջացվելու այդ գումարը, միջոցառման հետաձգումից շուրջ մեկ ամիս անց, վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ–ի տրամադրած տեղեկատվությանն ավելացնելու բան չունեն։
Ըստ 168.am կայքի հրապարակումների՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագիրը կրող մրցանակաբաշխության կազմակերպման համար Կառավարությունը հատկացրել է 135 միլիոն դրամ։





























