Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժներին, ուսանողներին եւ աշակերտներին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հայրապետական շնորհավորագրում մասնավորապես ասվում է.

«Սիրելի մանկավարժներ, ուսանողներ եւ աշակերտներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում Ձեզ Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա վերաբացման կապակցությամբ:

Լուսավոր այս օրը վերստին բացվել են կրթօջախների դռները: Խնդությամբ են համակված հոգիները սաների եւ ուսուցիչների, ովքեր նոր ուսումնական տարին սկսում են նոր հույսերով եւ բարին ու գեղեցիկը ճանաչելու լավատեսությամբ: Ուրախություն է Մեզ համար, որ հավատարիմ իրենց կոչմանը եւ կրթադաստիարակչական հարուստ ավանդներին, այսօր նվիրյալ մեր մանկավարժները երիտասարդ սերնդին սնում եւ կրթում են ազգային ոգով եւ հայրենի սրբազան արժեքներով, սերմանում են նրանց հոգում ազնվության ու աշխատասիրության, հայրենասիրության ու ծառայասիրության բարի սերմերը:

Սիրելի զավակներ, ուսումնասեր ու ջանադիր եղեք ուսման մեջ, ուշադիր ու պարտաճանաչ Ձեր պարտականությունների հանդեպ, քանզի կրթությունը Ձեզ համար լուսավոր եւ օրհնյալ պատվար է լինելու ողջ կյանքում:

Առ Աստված աղոթքով մաղթում ենք հաջողություններով առատ եւ արգասավոր նոր ուսումնական տարի, հայցում ենք եռանդ եւ կորով մեր մանկավարժներին եւ պայծառ միտք ու ջանադիր աշխատասիրություն սովորողներին»: