«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ֆեյսբուքյան գործունեությունը դուր չի գալիս Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:
Նախաձեռնության անդամները պահանջում են ՀՀ կառավարությունից «անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ (մոտ ապագայում մինչեւ ՀՆԱ-ի 2-3%), գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում։ Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնավորապես մաքսային եւ այլ կառավարության մարմինների շփման դյուրացում, կոնսուլտացիաների եւ արտոնությունների, հասարակության հետ շփումների եւ բիզնես միջավայրի հարթակների տրամադրում եւ այլ օպերատիվ համագործակցություն»։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է. «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը հիմնական շեշտը դրել է սոցիալական ցանցում թափանցիկ քննարկումների եւ մասնակիցների՝ սեփական նախաձեռնությամբ ծրագրերի առաջարկների վրա։ Սակայն նախաձեռնությունը, կարծես թե, այնքան է տարվել իշխանությունների հետ ուլտիմատումով խոսելու ոճով, որ ֆեյսբուքյան էջում արդեն տեւական ժամանակ ջնջում է կառուցողական բնույթի ցանկացած առաջարկ եւ մեկնաբանություն։ Նման խտրական վերաբերմունքի արժանացել են ինչպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակիցների, այնպես էլ բազմաթիվ այլ քաղաքացիների առաջարկներն ու մեկնաբանությունները։ Նախաձեռնողները հավանաբար ճշմարտությունը լսելու կամ այլակարծությունը հանդուրժելու համարձակություն չունեն։
Իսկ ճշմարտությունն այն է, որ գիտությունն ու գիտության մշակներն այնուամենայնիվ ուշադրության կենտրոնում են։ Եվ ինչպես պետական կառույցները, այնպես էլ շատ այլ կազմակերպություններ մշտապես օժանդակում են գիտնականներին իրենց տարբեր ձեռնարկումներում։ Մենք չենք ցանկանում թվարկել այն բոլոր ծրագրերը, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է երիտասարդ գիտնականներին աջակցելու եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությանն օժանդակելու համար։
Հավատացեք, այդ ծրագրերը բազմաթիվ են եւ ամեն քայլափոխի պետությանը գիտության նկատմամբ անտարբերության մեջ մեղադրողները դրանք շատ լավ գիտեն ու անձամբ իրենք էլ օգտվում են։ Պարզապես այդ ամենը խոստովանելու եւ գնահատելու համարձակություն է պետք»:
Օգտվելով առիթից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է բոլորին Գիտելիքի օրվա առթիվ։ «Մենք կոչ ենք անում երիտասարդներին չկորցնել ժամանակը եւ որքան հնարավոր է շատ գիտելիքներ կուտակել։ Այսօր ձեռք բերած գիտելիքն է, որ հետագայում յուրաքանչյուր անհատի եւ մեր պետությանը բերելու է բարեկեցիկ կյանք ու հզոր ապագա»,- ասված է հայտարարության մեջ:




























