Հնդկաստանի իշխող Bharatiya Janata կուսակցության (BJP) պաշտոնյան իրավական գործընթաց է սկսել անկախ տեղական լրատվական կայքի դեմ, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:
BJP-ի գործադիր տնօրեն Ամիտ Մալվիան ասել է, որ դատի է տալու The Wire լրատվական կայքին՝ «իր հեղինակությունը զրպարտող եւ արատավորող կեղծ փաստաթղթերի հրապարակման համար»:
The Wire-ը, որը հայտնի է վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության քննադատական լուսաբանումներով, հրապարակել է մի շարք սենսացիոն հոդվածներ, որոնցում ասվում է, որ Meta-ը Մալվիային հատուկ լիազորություններ է տվել:
Սա հաստատելու համար The Wire-ը հրապարակել է ներքին զեկույցների եւ էլեկտրոնային նամակների էկրանանկարները, որոնք, ըստ լրատվականի, Meta-ի աղբյուրներից են: Սակայն Meta-ի նախկին աշխատակիցները, տեխնոլոգիական փորձագետները եւ հենց ընկերությունը ասել են, որ պնդումները չեն համապատասխանում իրականությանը եւ կասկածի տակ են դնում ապացույցների իսկությունը:
«Մենք համաձայն ենք մեր բովանդակային որոշումների մանրակրկիտ վերանայման խնդրի հետ, սակայն հիմնովին մերժում ենք այս կեղծ մեղադրանքները՝ եւ դրանք համարում շինծու ապացույցներ: Հուսով ենք, որ The Wire-ը խեղկատակության զոհ է դարձել, եւ սա հանցագործություն չէ»,- ասվում է The Meta-ի տարածած հայտարարության մեջ:
Այնուամենայնիվ, The Wire-ը կրկնապատկել է իր ջանքերը եւ հրապարակել նոր հոդվածներ՝ պնդելով, որ իր մուտք գործած ներքին էլեկտրոնային նամակները ճշմարիտ են, թեեւ անկախ տեխնոլոգիական փորձագետները շարունակում են կասկածել այդ արդյունքներին եւ պնդում են, որ հրապարակված փաստաթղթերը կեղծ են:
Աճող քննադատությունների ֆոնին, The Wire-ը իր հաշվետվությունների եւ խմբագրական գործընթացների ներքին վերանայում է սկսել: Լրատվական կայքը նշել է, որ անհամապատասխանություններ է գտել իր հոդվածներում, սակայն չի պնդել, որ դրանք շինծու են:
Սակայն ավելի ուշ պորտալը հրապարակային ներողություն է խնդրել իր կայքում եւ հայտարարել, որ աշխատակիցներից մեկը խաբել է կազմակերպությանը եւ չունի տեխնիկական պատմություններ ստուգելու փորձ:
Wire-ի պատմությունները՝ Հնդկաստանում աճող անհանգստություն են առաջացրել թվային գաղտնիության եւ ինտերնետը խստորեն վերահսկելու կառավարության ջանքերի վերաբերյալ, ընդ որում առնվազն մեկ ընդդիմադիր կուսակցություն ասում է, որ այդ հարցը կքննարկի խորհրդարանում:





























