ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեն կողմ է քվեարկել, որպեսզի Իսրայելն ազատվի ամբողջ միջուկային զենքից եւ բոլոր միջուկային օբյեկտները դնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ, գրել է Jpost-ը։
Բանաձեւն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 152 ձայն, դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Կանադան, Իսրայելը, Միկրոնեզիան եւ Պալաուն։ Եվրամիությունը եւ եւս 23 երկրներ ձեռնպահ են մնացել։
Չնայած պաշտոնապես սա բանաձեւ է «Մերձավոր Արեւելքում միջուկային զենքի տարածման վտանգի» մասին, այն կենտրոնացել է հիմնականում Իսրայելի վրա՝ չհիշատակելով Իրանը։
«Ցավալի է, որովհետեւ այն բոլոր երկրները, որոնք կողմ են քվեարկել այս բանաձեւին, պետք է իրենց հարց տային, թե որն է անկայունության աղբյուրը տարածաշրջանում»,- Fox News Digital-ին ասել է ՄԱԿ-ում Իսրայելի նախկին դեսպան Դենի Դանոնը։ «Իսրայե՞լը, թե՞ Իրանը։ Ո՞րն է սպառնալիքը տարածաշրջանի համար։ Եվ ես կարծում եմ, որ նրանք բոլորը գիտեն, որ սպառնալիքը բխում է Իրանից, այլ ոչ թե Իսրայելից»։
Իսրայելը երբեք անգամ չի էլ ընդունել, որ միջուկային զենք ունի, չնայած լայնորեն տարածված է այն կարծիքը, որ ունի։ Բանաձեւում հիշատակվել է, որ Իսրայելը չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։





























