1936-1974 թթ. հայկական ֆոնդերից առգրավված գույքը, որը թուրքական կառավարությունը պետք է վերադարձնի հայերին, չափազանց մեծ կարողություն է, սակայն «ավազահատիկ է անապատի մեջ»: Այդ մասին սեպտեմբերի 2-ին կայացած ասուլիսում հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` մեկնաբանելով Թուրքիայի կառավարության` ազգային փոքրամասնություններից բռնագրավված գույքը վերադարձնելու մասին որոշումը:
Շաքարյանի խոսքով, կարողությունը, որը պետք է վերադարձվի հայկական ֆոնդին, չափազանց արժեքավոր է, քանի որ գտնվում է Ստամբուլի կենտրոնում: Վերադարձվող հողային տարածքների մեջ ընդգրկվում են 15-16-րդ դարերի շինություններ, որոնց արժեքը չափազանց մեծ է: Թուրքագետը նաեւ նշել է, որ այդ որոշումը չի վերաբերում կարողությանը եւ անշարժ գույքին, որոնք բռնագրավվել են մինչեւ 1936 թ.-ն: Բացի այդ, այդ որոշումը կապ չունի մասնավոր գույքի հետ, որը բռնագրավվել է հայերից` այդ երկրի քաղաքացիներից:
Թուրքագետը նաեւ նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիան անբեկանելի օրենք է ընդունել գույքի մասին, դրա համաձայն, հայերը, ովքեր չեն ծառայել բանակում, պետք է հսկայական հարկեր վճարեն: Հայերը կամ վճարել են այդ հարկը, կամ հարկադրական աշխատանքներ են իրականացրել Էրզրումում:
«Մինչդեռ, մարդու իրավունքների հարցերով Եվրոպական դատարանը հայցեր ունի Թուրքիայի դեմ, որոնցով պահանջում է վերադարձնել հայկական, հունական եւ հրեական համայնքների գույքը, որը նրանցից բռնագրավվել է անօրինական ճանապարհով: Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ այն, որ հոկտեմբերին կայանալու է ԵՄ` Թուրքիայում բարեփոխումների անցկացման ամենամյա լսումները` կապված Թուրքիայի` ԵՄ անդամագրվելու հարցի հետ, Թուրքիայի վարչապետը որոշում է ընդունել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ֆոնդին գույքը վերադարձնելու մասին: Բնականաբար, Թուրքիային ձեռնտու է ավելի ժողովրդավարական երեւալ, քան ինքը կա իրականում»,-նշել է փորձագետը:
Շաքարյանի գնահատմամբ, չնայած Թուրքիան այդ գործընթացում որոշակի նպատակներ է հետապնդում, սակայն դա ունի իր դրական միտումները. «Եթե կան հայկական գույքը վերադարձնելու նախադեպեր, ապա հետագայում Թուրքիան զիջումնրի կգնա այդ հարցում:
Սակայն առանձնապես ոգեւորվելու կարիք չկա, քանի որ Թուրքիան այդ քայլին գնացել է հարկադրաբար»:
Նշենք, որ 2008 թ.-ից սկսած, երբ Թուրքիայի խորհրդարանը օրենք ընդունեց «Կալվածքների մասին», հայկական ֆոնդերին վերադարձվել են 8 օբյեկտներ, ընդ որում մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանի միջամտությունից հետո:


























