Գլենդելի 69-ամյա հայազգի բնակիչը հայտարարել է, թե չի ցանկանում վիճարկել մեղադրանքները, որ խարդախությամբ քաղաքից 18 հազար 492 դոլար է ստացել, երբ ստել է իր ֆինանսական հնարավորությունների մասին` դաշնային մակարդակով բնակարանի սուբսիդավորում ստանալու համար: Այդ մասին հայտնել են պաշտոնյաները, գրում է Glendale News-Press-ը:

Նորայր Ակլյանը խոստովանել է քրեական հանցագործությունը, թե խաբել է Գլենդելի բնակարանային վարչությանը, նաեւ ընդունել է մեղադրանքի չորս կետերը` կեղծ ցուցմունքներ տալու, խաբեությամբ գումարներ ստանալու մեջ, ասել է Լոս-Անջելես շրջանի դատախազի ներկայացուցիչ Ջեյն Ռոբիսոնը:

Ակլյանը նոյեմբերի 2-ին կկանգնի դատարանի առջեւ` դատավճիռը լսելու համար: Ակլյանն արդեն վերականգնել է քաղաքին հասցրած վնասը: Նա ընդգրկվել էր ցածր եկամուտ ունեցողների քաղաքային ծրագրում, երբ հայտարարել էր, թե միայն մեկ հաշվեհամար ունի բանկում եւ ամսական միայն 870 դոլար սոցնպաստ է ստանում, սակայն չէր նշել, որ առանձին հաշիվ է բացել եւ 12 հազար 150 դոլար է դրել այնտեղ: Ավելի ուշ տասնյակ հազարավոր դոլարներ էին ավելացվել այդ հաշվին:

Ակլյանն, ով արդեն չի բնակվում Գլենդելում, հուլիսից փոխհատուցում է վնասը: