Հայաստանի զինվորական դատախազությունն ունի Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան հանգամանքների ամբողջական պատկերը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղից հայտնեց Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:
«Դա առաջին գործոնն է: Երկրորդ գործոնը, որ պետք է հաշվի առնել, արդյոք մենք ունե՞նք մեղադրյալների եւ գործին առնչվող անձանց ամբողջական շրջանակ, որովհետեւ այդ դեպքում մենք կարող ենք հասկանալ, թե ինչ է կատարվել, բայց չենք կարող ասել, թե հաստատ այսքան անձինք են մասնակցել, թե ավելի քիչ, թե ավելի շատ»,- պարզաբանեց գլխավոր զինդատախազը:
Գեւորգ Կոստանյանը նշեց, որ առայժմ գործով ձերբակալվածները երկուսն են: «Այս պահի դրությամբ, անգամ այս րոպեի դրությամբ դեռ ձերբակալված են այդ երկու անձինք, բայց հաշվի առնելով, որ շատ ակտիվ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ են ընթանում, ցանկացած պահի ձերբակալված կամ կասկածյալ, մեղադրյալ հանդիսացող անձանց թիվը կարող է ընդլայնվել, ամեն րոպե»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Գեղամի Աբրահամյանը, որտեղ մեկ ժամ անց մահացել էր: Նախապես հաղորդվել էր, թե նա թունավորվել է, իսկ բուժկետում ընկել է մահճակալից եւ մահացել, թեեւ նրա վրա առկա էին բռնության ակնհայտ հետքեր: Զինվորի մահը մեծ հակազդեցություն էր առաջացրել հանրության շրջանում: Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել են մեկ սպա եւ մեկ ժամկետային զինծառայող:



























