Թուրքական Denizbank-ը խստացրել է Ռուսաստանի քաղաքացիների համար հաշիվներ բացելու պայմանները։ Բանկը գրեթե 10 անգամ ավելացրել է ավանդի նվազագույն գումարը, ինչպես նաեւ սահմանել ելքային SWIFT փոխանցման նվազագույն չափը $10,000 եւ թույլ տվել, որ այն իրականացվի միայն գործողության անհրաժեշտության հաստատումից հետո: Այս մասին հայտնում է «РБК»-ը՝ հղում անելով միջնորդներին, որոնք օգնում են ռուսներին բացել քարտերը թուրքական բանկերում։
Այժմ Ռուսաստանի քաղաքացիները հաշիվ բացելու համար պետք է առնվազն 5000 դոլարի ավանդ կատարեն, որը կսառեցվի 30 օրով։ Նախկինում դրա չափը կազմում էր 10 հազար լիրա (մոտ 540 դոլար)։ Նորամուծությունները գործում են նոյեմբերի 2-ից։
Հաշիվ բացելիս բանկի մենեջերներին այժմ նաեւ խնդրում են ստորագրել փաստաթուղթ, որտեղ հաճախորդը պարտավորվում է չօգտագործել հաշիվը Denizbank-ում՝ «արտերկրում փոխանցումներ կատարելու եւ/կամ այլ արտասահմանյան գործարքներ եւ կրիպտոարժույթներով առեւտուր իրականացնելու կամ ուղարկելու համար»։
Խստացումը պայմանավորված է նրանով, որ ՌԴ քաղաքացիները կարող են օգտագործել Denizbank-ում հաշիվները որպես «շերտ» ռուսական բանկերից այլ երկրներում օտարերկրյա վարկային կազմակերպությունների հաշիվներ փոխանցումների, ինչպես նաեւ կրիպտոարժույթներ գնելու համար, ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։
Ռուսաստանցիներն արդեն բախվել են Թուրքիայում քարտեր բացելու ավելի կոշտ պայմաններին այն բանից հետո, երբ հայտարարվել է մասնակի մոբիլիզացիայի եւ ՌԴ-ից բազմաթիվ քաղաքացիների արտագաղթի մասին։ Հաշիվ բացել ցանկացողների հոսքը նվազեցնելու համար բանկերը սահմանում են պաշտպանիչ ավանդներ կամ պահանջում են լրացուցիչ փաստաթղթեր, օրինակ՝ աշխատանքային պայմանագիր թուրքական ընկերության հետ:





























