Իրանի Ալբորզ նահանգում բողոքի ցույցերը բռնությունների են վերածվել։ Անկարգությունների ժամանակ զինված ապստամբները սպանել են «Բասիջ» ջոկատի անդամին եւ վիրավորել առնվազն 10 ոստիկանի։

Ալբորզ նահանգի մայրաքաղաք Քարաջում անկարգությունների մի քանի մասնակիցներ վերջին բողոքի ցույցերի ժամանակ սպանվածներից մեկի մահվան 40-րդ օրվա պատրվակով փորձել են փակել քաղաքը Ղազվին նահանգի հետ կապող ճանապարհը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը միջամտել են, որպեսզի ցրեն անկարգությունների մասնակիցներին եւ բացեն ճանապարհը, սակայն ցուցարարները սկսել են քարեր եւ շինարարական աղբ նետել իրավապահների վրա։ Նրանք տապալել են ճանապարհային նշանները եւ կարգախոսներ վանկարկելով հրահրել ամբոխին։ ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նրանք հարձակվել են ոստիկանների վրա՝ կանգնեցնելով նրանց մեքենաներից մեկը, ծանր վիրավորելով երեք ոստիկանի, հրկիզել են ոստիկանական տաղավարը Հեսարակի հրապարակում, եւ ոստիկանական ֆուրգոնը՝ հարեւան շրջանում։